ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Խաղացած և երազած դերեր
17:00 27.03.2020

Խաղացած և երազած դերեր

«Ճիշտ է, թատրոնում վարձատրությունը բարձր չէ, որի պատճառով շատ արվեստագետներ հեռացան՝ ընտրելով այլ ճանապարհ, բայց թատրոնի հանդեպ սերը ինձ պահեց», - ասում է դերասանուհի Աիդա Սահակյանը։

Տիկին Սահակյանը ավարտել է ակումբագրադարանային տեխնիկումի ռեժիսուրա բաժինը։ Մասնագիտության դասախոսներն էին Յուրի Էլոյանը և կինոռեժիսոր Ժիրայր Ավետիսյանը, որոնց միշտ սիրով է հիշում։ Սերը դեպի բեմը դեռ դպրոցական տարիներից էր։ Միշտ երազում էր թատրոնի մասին, ամեն շաբաթ հեռուստաներկայացումներ դիտելով՝ պատկերացնում էր, որ մի օր էլ ինքը բեմ կբարձրանա։ 1984 թվականից ցայսօր աշխատում է Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում։

Ստեղծագործական կյանքում բազմաթիվ կերպարներ է կերտել դերասանուհին։ «Չեմ հաշվել, թե քանի ներկայացման մեջ եմ զբաղված եղել, բայց ունեցել եմ լավ դերակատարումներ։ Սիրել եմ բոլոր դերերս՝ թե՛ մեծ, թե՛ փոքր։ Դերասանի համար մեծ ու փոքր դերեր չեն լինում, լինում են լավ և վատ դերակատարումներ, որովհետև ներկայացման մեջ կարող ես կերտել երկրորդային դերեր, բայց աչքի ընկնել լավ դերակատարումով։ Յուրաքանչյուր ներկայացման մեջ յուրովի եմ խաղացել, սիրել եմ կերտած կերպարներս, որոնցից առավել նշանակալի են եղել Վ․Սարոյանի «Կոտորածն մանկանց» ներկայացման մեջ Ռոուզի կերպարը, որի համար թատերագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լուիզա Սամվելյանի կողմից արժանացել եմ բարձր գնահատանքի, իհարկե, իմ տքնաջան աշխատանքի շնորհիվ, Ս․Խալաթյանի «40 օր համբառնալուց առաջ»-ում՝ Մայրանուշ մայրիկի կերպարը, որի համար արժանացել եմ մրցանակի «Թատերական Լոռի» փառատոնում, Հ․Մաթևոսյանի «Աշնան արև»-ում՝ Աղունի կերպարը։ 2016 թվականին վերջին ներկայացումով հանդես եկանք Բելառուսում կայացած «Բելայա Վեժա» թատերական միջազգային փառատոնում, որում էլ արժանացա հատուկ մրցանակի», - ասում է Աիդա Սահակյանը։ Ինչպես բոլոր դերասանները, տիկին Աիդան նույնպես ունի երազած կերպարներ, որոնցից են Չիպոլինոյի կերպարը, Վ․Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» գործում՝ Ջոնիի կերպարը, «Լեդի Մակբեթ»-ում՝ Մակբեթի կերպարը և այլն։

Դերասանուհին ասում է․ «Թատրոնը հրաշք է, որտեղ կարող ես լինել և՛ ծառա, և՛ թագուհի, ինչպես նաև հանդես գալ և՛ բարի, և՛ չար կերպարներում։ Թատրոնն է, որ ասելիք ունի, որտեղ կարող ես գալ և ինքնամաքրվել։ «Ցավոք, այս պահին հանրապետությունում ստեղծված իրավիճակի պատճառով փակ են մշակութային օջախները, այդ թվում նաև մեր թատրոնը, և բոլորս գտնվում ենք տանը։ Ես ինքս այս ընթացքում սկսեցի ավելի արժևորել կոլեկտիվիս, կարծում եմ, հանդիսատեսը ևս կարոտով է սպասում թատրոնի բացմանը և ավելի մեծ սիրով է գալու ներկայացումներ դիտելու»։

Առիթից օգտվելով՝ տիկին Սահակյանը մարտի 27-ի՝ թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորեց թատրոնի ներկայացուցիչներին, դերասաններին, բոլոր այն մարդկանց, ովքեր առհասարակ իրենց արվեստով բարձր են պահում մեր երկրի անունը։ «Միայն արտիստները չէ, որ թատրոն ասվածի դեմքն են համարվում, մեզանից զատ կան նաև մարդիկ, ովքեր ստվերում են լինում, բայց առանց նրանց թատրոն գոյություն ունենալ չի կարող․ տեխնիկական անձնակազմը, որը միշտ դերասանի կողքին է, ինչպես նաև ամենակարևոր ներկայացուցիչները՝ հանդիսատեսը, առանց նրա չկա և չի կարող լինել մեր այս հրաշք կենդանի օրգանիզմը՝ թատրոնը։ Շնորհավորում եմ բոլորիս մեր մասնագիտական տոնի առթիվ։ Թող որ մեր թատրոնի անունը արտասահմանյան բեմերում միշտ հնչի», - զրույցը եզրափակեց Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Աիդա Սահակյանը։

Տիգրան Ղուկասյան

17:00 27.03.2020

Ամենաշատ ընթերցվածները