ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Խուճապը և նրա հետևանքները
19:00 27.03.2020

Խուճապը և նրա հետևանքները

Աշխարհում վերջին իրադարձություններով պայմանավորված՝ հասարակության շրջանում բարձրացել է խուճապի մեծ ալիք։ Թե ինչ է առհասարակ խուճապը և թե ինչ ազդեցություն կարող է ունենալ անհատի հոգեբանական և առողջական վիճակի վրա, պարզաբանում է հոգեբան Անուշ Գրիգորյանը։

«Խուճապ ասելով հասկանում ենք տարբեր իրավիճակներ, որտեղ մարդը իրեն դրսևորում է։ Տագնապը, վախը և նմանատիպ խուճապային գրոհները, որոնք կարող են մարդու մեջ լինել այս կամ այն իրադարձության ժամանակ, կապված են հիմնականում մարդու ինքնապահպանման բնազդի հետ։ Մեզանից յուրաքանչյուրը ունի որոշակի վախի չափ, որը մեզ թույլ է տալիս կյանքում այս կամ այն գործողությունը անելիս լինել զգուշավոր։ Այս ամենը մեզ մոտ ձևավորվում է դեռ մանուկ հասակից։ Այսինքն, եթե փոքր երեխաներին մենք չբացատրենք, որ էլեկտրական հոսանքը վտանգավոր է, և ձեռքը չի կարելի մոտեցնել հոսանքի լարին, քանի որ այնտեղ լարում կա և կարող է վնասել, երեխան դա պարբերաբար կանի և, բնականաբար, կվնասի իրեն, իսկ երբ նա տեղեկություն ունի դրա մասին և արդեն զգուշանում ու վախենում է, ապա մենք այսպիսով նրան վտանգից հետ ենք պահում, և ինքը ևս սովորում է վտանգից իրեն հետ պահել։ Մեծահասակների շրջանում մի փոքր այլ է, նրանք արդեն գիտեն գրեթե բոլոր վտանգների մասին։ Սակայն հոգեբանական տեսանկյունից կան մարդկանց խառնվածքի որոշակի տեսակներ, որոնք ավելի հակված են դեպի նևրոտիկ վարքագիծը։ Այսինքն՝ էմոցիոնալ առումով ավելի թույլ են, ավելի քիչ պաշտպանված են իրենց զգում և ավելի հեշտ են տրվում խուճապի։ Նրանք տագնապայնության շատ բարձր աստիճան ունեցող մարդիկ են, և հենց նրանք են, որ այդ խուճապահար վիճակում ծայրահեղ քայլերի են դիմում։

Վերջին վառ օրինակը, կորոնավիրուսի հետ կապված, խանութների եռուզեռն էր։ Մի կողմից սա դիտարկում ենք որպես խուճապ, իսկ մյուս կողմից սա հենց այդ նույն ինքնապահպանման բնազդն է, երբ մարդը մտածում է, որ, ենթադրենք, նա ունի արդեն որոշ քանակությամբ սննդի պաշար, որը նրան կբավականացնի, օրինակ, մեկ ամիս։ Այսինքն՝ սա նրան տալիս է ներքին ապահովության զգացում, որի շնորհիվ, բնականաբար, տագնապայնությունը ցածրանում է, և խուճապը ինչ-որ չափով հետ է քաշվում։ Այս պարագայում խուճապը չենք դիտարկում որպես բացասական երևույթ, քանի որ նա չի նստում տանը և իրեն սթրեսի ենթարկում, այլ անում է կոնկրետ գործողություն, որը իրեն տալու է ապահովության զգացում, որը տվյալ պահին սննդի պաշար ձեռք բերելն է», - ասում է հոգեբանը։

Խուճապի չմատնվելու համար հասարակությանը շատ կարևոր է լինել մեդիագրագետ, քանի որ մեր օրերում ինֆորմացիայի աղբյուրները շատ են, իսկ հասարակությունը հավատում է այն ամենին, ինչ կարդում կամ տեսնում է համացանցում։
«Խուճապի տարածման մեջ մեծ դերակատարում ունեն հենց մեդիաները, որոնք տալիս են ինչ-որ տեղերից ծաղկաքաղ արված տեղեկություն, որը այս օրերին հատկապես շատ է նկատվում։ Իսկ քանի որ մարդու ուղեղը սովոր է սկզբում ընդունել բացասականը, հետո՝ դրականը, բնականաբար, մարդիկ կենտրոնանում են վատ տեղեկատվության վրա։

Որպեսզի մարդը առաջնային ինֆորմացիա լսելիս խուճապի չմատնվի, և նրա տագնապայնությունը չբարձրանա, պետք է սովորի ֆիլտրել ստացված տեղեկությունը։ Այսինքն՝ օգտվի միայն տեղեկատվության հավաստի աղբյուրներից և իրեն հեռու պահի տագնապ ստեղծող վերնագրերով կեղծ լրատվական կայքերից», -հորդորում է Անուշ Գրիգորյանը։

Շատ դեպքերում խուճապը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու առողջական վիճակի վրա․ «Վախը, խուճապը և տագնապը մեր օրգանիզմում միշտ կան, ուղղակի վտանգի առկայության դեպքում դրանք դրսևորվում են առավել ակտիվ կերպով։

Այս ամենի հետևանք կարող է հանդիսանալ սթրեսը։ Եվ ինչպես գիտենք, սթրեսային իրավիճակներում մարդը աստիճանաբար ձեռք է բերում ախորժակի բացակայություն։ Հետևաբար մարդը սկսում է քիչ ուտել, չզբաղվել ֆիզիկական վարժություններով, միայն նստել տանը և մեկուսանալ բոլորից։ Բնականաբար, այս ամենը ֆիզիոլոգիայի տեսանկյունից բացասաբար է անդրադառնում մարդու իմունային համակարգի վրա, որն էլ իր հերթին կարող է մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ»։

Վերջում որպես խորհուրդ հոգեբանը նշեց, որ չի կարելի և պետք չէ խուճապի մատնվել, անհրաժեշտ է պահպանել հանգստություն, սպասել վաղվա օրվան հույսով, մտածելով, որ կան խնդիրներ, բայց կան նաև այդ խնդիրների լուծման տարբերակներ։ Եվ, իհարկե, լինել զգոն և զգույշ, հետևել միայն հավաստի տեղեկատվությանը։

Սոնա Օհանջանյան

19:00 27.03.2020

Ամենաշատ ընթերցվածները