ԱՎԵԼԻՆ

Մամուլ

ԱՄՆ-ը դադարեցրեց Արցախին տրվող ֆինանսական աջակցությունը
16:00 28.03.2020

ԱՄՆ-ը դադարեցրեց Արցախին տրվող ֆինանսական աջակցությունը

Հայաստանից բացի՝ Արցախին ֆինանսական աջակցություն էր ցույց տալիս ԱՄՆ-ը, թեև դեռ չի ճանաչել նրա անկախությունը։ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը տեղեկացրեց, որ ԱՄՆ կառավարությունը վերացրեց տրամադրվող օգնությունը։ Նախագահ Թրամփի վարչակազմը որոշում կայացրեց կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը, թեև վերջին ամիսներին հայկական լոբբիստական կազմակերպություններն ու կոնգրեսականներն ակտիվ ջանքեր էին գործադրում։ Թեմայի վերաբերյալ մասնագետները տարբեր կարծիքներ են հայտնել «Զանգեզուր պրեսին»։

Արտաքին ֆինանսավորումը ԱՄՆ վարչակազմի համար առաջնահերթություն չէ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ այս ամենի պատճառները տարբեր են։ «Առաջին հանգամանքն այն է, որ նախագահ Թրամփի վարչակազմի համար օգնությունների տրամադրումը բոլորովին առաջնահերթություն չէ։ Սա նշանակում է, որ ֆինանսական այդ կրճատումներն այսպես, թե այնպես լինելու էին ոչ միայն Հայաստանի կամ Արցախի դեպքում, այլև ողջ աշխարհում։ Մոտ 40%-ի կրճատում է տեղի ունեցել Թրամփի վարչակազմի օրոք։ Իսկ երկրորդ հանգամանքն այն է, որ ադրբեջանցիները բավականին ակտիվ աշխատում էին վերջին տարիների ընթացում՝ թիրախում ունենալով հենց այս ծրագիրը։ Ադրբեջանը լուրջ ֆինանսական միջոցներ է ծախսում լոբբիստների միջոցով Միացյալ Նահանգների անվտանգության խորհրդի անդամներին իր կողմը քաշելու համար։ Իսկ վերջինս այն կարևոր մարմինն է, որը համակարգում էր նման ծրագրերը։ Հայկական կողմը կարող էր ծրագրի կարևորությունը ներկայացնելու և ֆինանսավորումը պահպանելու ուղղությամբ ավելի արդյունավետ աշխատել, սակայն դա տեղի չունեցավ»։

Մասնագետի խոսքով՝ հակառակորդ Ադրբեջանը ակտիվ էր, ինչին էլ փորձում էին հակակշռել մեր լոբբիստները և Վաշինգտոնում Արցախի ներկայացուցչությունը, բնականաբար, նաև Հայաստանի դեսպանությունը։ «Բայց դրանք  այդքան էլ արդյունավետ չէին կարող լինել, եթե Հայաստանի իշխանությունների կողմից բարձր մակարդակներում հնարավոր շփումների կամ  հանդիպումների ժամանակ այս հարցը բարձրացվեր։ Կարծում եմ՝ այստեղ հետևողական աշխատանքի կարիք կար»։

Իսկ թե այդ անհետևողականությունն ինչով է պայմանավորված, Սուրեն Սարգսյանը դժվարանում է պատասխանել, սակայն ասում  է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները վերջին տարիներին ցածր մակարդակի վրա են։ «Եվ պատմականորեն են ամենացածր մակարդակի վրա։ Կարծում եմ, որ եթե Հայաստանում ցանկություն լիներ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները խորացնել, ապա այդ աշխատանքը ավելի ակտիվ կկատարվեր»։ Ս․Սարգսյանը նշում է՝ հայ-ամերիկյան հարաբերությունները կայուն լճացած փուլում են․ «Որևէ բարձր մակարդակի ակտիվ շփումներ չկան։ Օրակարգում էլ կարևոր հարցեր չկան, որոնց շուրջ պետությունների ղեկավարները կարող են հանդիպել և զրուցել։ Դրա համար առանձնապես շատ բան սպասել պետք չէ։ Բայց պետք է հաշվի առնել, որ նախաձեռնողականությունը պետք է ցույց տար հայկական կողմը, քանի որ, բնական է, ԱՄՆ-ն որպես գերտերություն առանձնապես քայլեր չէր ձեռնարկելու Հայաստանի հետ այս կամ այն հարաբերությունը խորացնելու նպատակով»։ Մասնագետը, ամփոփելով խոսքը, ասում է, որ անհրաժեշտ է հստակ ու արդյունավետ աշխատանք Միացյալ Նահանգների կարևորագույն մարմինների հետ։ Հատկապես Ազգային անվտանգության խորհուրդն է առանցքային՝ Հայաստանի ու Արցախի համար նպաստավոր որոշումներ ձեռք բերելու համար։ 

Լոբբիստները պետք է ջանքեր գործադրեն

Ամերիկագետ Լիանա Հովհաննիսյանի խոսքով՝ այս որոշումը անակնկալ չէր։ Այն կայացվել էր դեռևս 2018թ․ և սահմանվել էր հստակ ժամկետ՝ ավարտել 2019-ին կամ 2020-ին։ «Ամերիկյան կողմի մեկնաբանությունը հետևյալն է, որ իրենք գրեթե 100%-ով ավարտին են հասցրել ծրագրով նախատեսված ականազերծման աշխատանքները, հետևաբար իմաստ չեն գտնում շարունակելու։ Այլ հարց է, թե հետագայում նոր ծրագրերի առաջարկներ կլինեն, թե ոչ։ Կարծում եմ, որ այս ուղղությամբ լոբբիստական աշխատանքները դեռ կշարունակվեն, և ծրագրեր դեռ կլինեն։ Քննադատները փորձում են այս քայլը ներկայացնել որպես հայ-ամերիկյան հարաբերությունների վատթարացում։ Սակայն միամիտ կլինի միայն այդկերպ բնութագրելը։ Հակասություն է առաջանում․ ինչո՞ւ 2019 թվականին Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնությունը աճեց մոտ 40%-ով»։

Ամերիկագետը հավելում է, որ շատ կարևոր է հաշվի առնել ԱՄՆ վարչակազմի ներկայիս արտաքին քաղաքականությունը․ ընտրվելուց ի վեր նախագահ Թրամփը հստակ հայտարարել էր, որ կրճատելու է արտաքին աշխարհին տրամադրվող ֆինանսական օգնությունները, քանի որ հակասում է իր որդեգրած քաղաքականությանը։ «Դիտարկենք Պակիստանի դեպքը․ ԱՄՆ մոտ 300 միլիոն դոլարով կրճատել է Պակիստանին տրվող ռազմական օգնությունը։ Այսինքն՝ սա հետևողական քաղաքականություն է։ Արտաքին ֆինանսավորման կրճատումը այս տարիների ընթացքում ամերիկյան քաղաքականության ներկայիս վարչակազմի հիմնական ուղղություններից մեկն է։ Ականազերծման հսկայական աշխատանքներ են իրականացվել, և, բացի դրանից, այդ 18 տարվա ընթացքում ծրագիրը ապահովել է նաև աշխատանք շատ արցախցիների համար, ինչը դրական է և պետք չէ թերագնահատել»։

Լիանա Հովհաննիսյանը նշում է, որ անկախ քաղաքական վիճակից, հումանիտար ծրագերը շատ կարևոր են, որպեսզի ապահովեն Արցախի բնակչության զարգացում։ «Հումանիտար տարբեր ծրագրեր կարող են իրականացվել, օրինակ՝ ԶԼՄ-ների կարողության զարգացում կամ հկ ոլորտի զարգացում։ Առաջարկվող ծրագրերը պետք է լինեն հումանիտար, որպեսզի դրանք չբախվեն Արցախի քաղաքական կարգավիճակի հետ։ Կարծում եմ՝ հայկական լոբբիստների ջանքերով այդ աշխատանքները կշարունակվեն և արդյունք կտան»։

«Վերջին շրջանում հայ-ամերիկյան հարաբերություններում գրանցվում են մի շարք կարևոր շփումներ, շատ ակտիվ են շփումներն ինչպես գործադիրի, այնպես էլ օրենսդիրի մակարդակում», - ասում է մասնագետը։ - Օրինակ գործադիրի շրջանակում երկխոսություն ձևավորվեց ռազմավարական մակարդակում, այսինքն՝ շփումներն ավելի ակտիվ են և թիրախավորված ոլորտներում փորձում են համագործակցություն իրականացնել։ Օրենսդիրի մակարդակում ներկայումս քննարկվում է աջակցության ակտի ընդունումը։ Այն ոլորտային թիրախավորելու է կոնգրեսի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը՝ ծրագրերի կամ ֆինանսի տեսքով»։

Մասնագետը եզրափակում է խոսքը՝ ասելով, որ երկխոսությունը շատ ակտիվ է, իրականացվում է թե՛ դիվանագիտական ճանապարհով, թե՛ լոբբիստական կառույցների ջանքերով։ Նշենք, որ ականազերծման աշխատանքները կատարում էին «The HALO Trust» ընկերությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրի շրջանակում։

Անուշ Միրզոյան

16:00 28.03.2020

Ամենաշատ ընթերցվածները