ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ա․Բակունց․ «Օրանջիա»
16:00 29.03.2020

Ա․Բակունց․ «Օրանջիա»

․․․․Երգ մըն է Բակունցի քնարերգությունը, որուն նվագի տակ անկարելի է անզգա մնալ, չթաթախվիլ անով։
Պետրոս Զարոյան

Սյունյաց աշխարհի գեղեցկության և նրա չնաշխարհիկ բնության մասին է գրել Բակունցը իր պատմվածքներում։ Այնտեղ առանձին ներկայացնելով այն շրջանները, որտեղ ապրել, ստեղծագործել և իր մանկության լավագույն տարիներն է անցկացրել։ Գորիսյան բնաշխարհը շատ է ոգևորել գրողին և ստեղծագործելու լավագույն շարժառիթն է եղել։

«Օրանջիա» պատմվածքը Բակունցի լավագույն գործերից մեկն է, որն ակտուալ է բոլոր ժամանակներում։ Ընթերցելիս ինքներս մեր մեջ մտովի և՛ վերլուծում ենք, և՛ պատկերացնում այն հրաշք բնությունը, որտեղ կատարվում են իրադարձությունները․ «Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ»։ Նկարագրվածը գեղեցիկ ձորակն է, որն իր հմայքով, առատ բերքով և գեղեցիկ ծաղիկներով միշտ եղել է գյուղացիների համար ապրելու և արարելու լավագույն տեղը։ Սակայն այնտեղ ապրելու և որևէ բանի հասնելու համար պետք է կամքի մեծ ուժ և աշխատասիրություն ունենալ։ Հենց այդպիսին էր Մանասը․ «... երկու շաբաթ անց Օրանջիայում Մանասն էր քար ու կիր թափել, ոտքերը մինչև ծնկները վեր քաշած ցեխ էր շինում, ուստան էլ տաշած քարերն էր շարում»։

Չնայած Մանասը իր հալալ քրտինքով փորձում էր կառուցել սեփական տունը, Դավոյենց Առաքելը, որը գյուղում համարվում էր մի աստիճան բոլորից բարձր, մտածում էր, որ Օրանջիայում ինքը միայն պետք է տուն կառուցեր ու լավ ապրեր։

Օր օրի բարձրանում էին Մանասի տան պատերը, դրան զուգահեռ մեծանում էր նաև Առաքելի նախանձը․ նա միայն մի բանի մասին էր մտածում՝ ինչպես տապալի Մանասին ու նրա կառուցած տունը, որը կարծես փշի նման խրվել էր իր աչքի մեջ․«Մանասը տուն շինեց, կտուրը ծածկեց փայտով, չոր ցախով, կինն ու երեխան էլ հայրական հին տնից հանեց և արահետով անցավ, տեղավորեց նոր տան մեջ»։

Դավոյենց Առաքելը, չկարողանալով իր իսկ ուժերով կանխարգելել տան կառուցումը ու չկարողանալով Մանասին իրեն ենթարկեցնել, գնում է «պրիստավի» մոտ ու փորձում այլ ճանապարհով խեղճացնել Մանասին և ամբողջ գյուղին․ «Այն օրից, երբ տանուտերի շղթան վզովն անցկացրեց, պղնձե կնիքն էլ գրպանը դրեց, Առաքելն այդ օրից ձևացնում էր այնպես, որ իբր թե Մանասին չի էլ տեսնում»։ Ինքն իր մեջ Մանասը մտածում և շատ հաճախ կրկնում էր իր բարեկամների մոտ. «.... թե Առաքելը ոխը հանելու համար գնաց տանուտեր եղավ։ Մտածում էր, բայց մտքինը ոչ ոքի չէր ասում։ Իսկ եթե ազգ ու բարեկամ էլի ասում էին. – Մանաս, տապ արա, թրի սուր ժամանակն է...»։

Հենց այդ թրի ու սրի ժամանակն էր, քանի որ Մանասի սիրտը ճիշտ էր կանխազգում, որ մի բան լինելու է, կամ Դավոյենց Առաքելը այդքան ժամանակ սրտում կուտակածը ինչ-որ ձև արտահայտելու է։ Այդպես էլ լինում է. քաղաքում գործադուլ է սկսվում, և Առաքելը նույն գիշերը սլանում է քաղաք։ Հետ է վերադառնում կազակների հետ, որոնք գալիս լցվում են գյուղ։ Նշանակետի տակ էր Մանասի անմեղ ընտանիքը.... Ցանկապատի հետևում թաքնված կազակը շուրթերը լիզեց ու հարձակվեց Մանասի կնոջ վրա. լսվեց ականջը ծակող մի ճիչ․ «Օրանջիայի ձորակը վառվում էր, ալավը երկինք էր հասնում»։ Ամբողջը այրվեց, հավասարվեց հողին, իսկ Մանասը մնաց ավերակների կողքին․ «Երբ լուսո դեմ կրակը հանդարտեց, խանձված ընկած էին Մանասի կինը, երեխան, կազակը»։

Կազակի սպանության մեղադրանքը փաթաթվեց Մանասի վզին․ «Երբ Մանասին վագոն դրին դեպի հեռավոր տունդրաները, իզուր էր կայարանի ժխորի մեջ աչք ածում ծանոթ մեկին։ – Գնաց, էլ թե ինչ եղավ, տեղեկություն չկա...»։

«Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»․ այս ասացվածքը բացում է պատմվածքի չակերտները։ Ինչքան էլ մարդ պայքարող լինի ու հեռու պահի սեփական ընտանիքը իր թշնամիներից, միևնույն է՝ կգտնվի մեկը, ով իր ուժով կկարողանա ոչնչացնել դիմացինին։ Մեր իրականության մեջ շատ են եղել և դեռ էլի կլինեն տուժած մանասներ, ովքեր զոհ կգնան առաքելանման երևույթների։

Մարիամ Գևորգյան

16:00 29.03.2020

Ամենաշատ ընթերցվածները