ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հասարակական տրանսպորտն՝ անվճար
18:00 29.03.2020

Հասարակական տրանսպորտն՝ անվճար

Փետրվարի 29-ից Լյուքսեմբուրգի հասարակական տրանսպորտը բացառապես անվճար դարձավ, բացառություն են կազմում առաջին կարգով ուղևորափոխադրումները: Նման համարձակ որոշման կառավարությանը դրդեց խցանումների խնդիրը: Շուրջ 600 հզ. բնակչություն ունեցող այս երկիր օրական աշխատանքի է գալիս հարևան Գերմանիայից, Ֆրանսիայից և Բելգիայից մոտ 200 հզ. մարդ, ինչը խնդրի առաջացման հիմնական պատճառներից էր: 

Անվճար ուղևորափոխադրումների կազմակերպումը կպահանջի տարեկան հավելյալ ներդրումներ, որոնք նախնական հաշվարկով կկազմեն 41մլն եվրո, ինչը այդքան էլ մեծ թիվ չէ Եվրոպայի ամենահարուստ երկրի համար: Այդ գումարը նախատեսվում է ստանալ հարկային վճարումներից: Փոփոխությունը կանդրադառնա նաև երկրի 40% ընտանիքների բյուջեի վրա, նրանց տարեկան խնայողությունը կկազմի 100 եվրո:

«Անվճար հասարակական տրանսպորտի ներմուծումը շատ կարևոր սոցիալական նախաձեռնություն է: Դա մեծ և կարևոր քայլ է ոչ միայն խցանումների խնդրի լուծման ճանապարհին, այլև ունի քաղաքացիների կյանքի բոլոր բնագավառներին առնչվող կետեր: Բացի դրանից՝ մենք ցանկանում էինք խրախուսել բոլոր նրանց, ովքեր արդեն իսկ կատարել են իրենց ընտրությունը քաղաքային տրանսպորտի օգտին», - այդպես բնութագրեց կառավարության որոշումը Լյուքսեմբուրգի տրանսպորտի նախարար Ֆրանսուա Բաուշը:

Նախադեպեր կան

Եվրոպայում արդեն կան երկրներ, որտեղ հասարակական տրանսպորտը անվճար է: Օրինակ՝ Տալինում անվճար ուղևորափոխադրումները հասանելի են 2013 թվականից, սակայն ոչ բոլոր մարզերի համար։ Աստիճանաբար ավելացնելով ընդգրկված մարզերի թիվը՝ այժմ այն կազմում է 15-ից 11-ը: Անվճար երթևեկության հնարավորություն ունեն նաև Էստոնիայի քաղաքացիները, սակայն կրկին երկրի որոշ մարզերում: Այս առումով Լյուքսեմբուրգը իսկապես աննախադեպ քայլ է արել՝ անվճար դարձնելով ոչ միայն քաղաքացիների, այլև երկրի հյուրերի տեղաշարժը հասարակական տրանսպորտով: Հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է միայն ցույց տալ անձը հաստատող փաստաթուղթ:

Լյուքսեմբուրգի տրանսպորտի նախարարի խոսքով՝ հասարակական տրանսպորտի համար արվող տարեկան ներդրումները երկրի մեկ բնակչի հաշվով կազմում են 660 եվրո, ինչը Եվրոպայի համար ամենաբարձր ցուցանիշն է: Ֆրանսուա Բաուշի խոսքով՝ մինչև 2030թ. նախատեսվում է ամբողջությամբ էլեկտրաֆիկացնել երթուղայինների պարկը: 

Անի Գրիգորյան

18:00 29.03.2020

Ամենաշատ ընթերցվածները