ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հանուն առողջ մարմնի
15:00 30.03.2020

Հանուն առողջ մարմնի

Հայաստանում էլ մարդկանց խումբ կա, որ առնվազն մի քանի կիլոգրամ նիհարելու կարիք ունի։ Սակայն մարմնի հավելյալ կիլոգրամներից ազատվելն այնքան էլ հեշտ գործ չէ։ Ինչպես ամեն մի լուրջ խնդրի հաղթահարում, մարմնի կշռի նորմալացումը ևս պահանջում է համբերություն և ջանասիրություն։ Հայաստանում բնակվողների առնվազն կեսը ունի մարմնի ավելցուկային քաշ կամ գիրություն: Ավելցուկային կշիռն ինքնին բարձրացնում է տարբեր քրոնիկ հիվանդությունների ռիսկը, ինչպիսիք են՝ սրտային իշեմիկ հիվանդություն և ինսուլտ, 2-րդ տիպի շաքարային դիաբետ և քաղցկեղի որոշ տեսակներ։ Առողջ ու գեղեցիկ կազմվածք ունենալու համար մարդ ինչի ասես՝ չի դիմում, նույնիսկ դիետաների։ Ոմանք հենց իրենք են սահմանում իրենց սննդակարգը, մյուսներն էլ դիմում են տարբեր ընկերությունների  օգնությանը։  Կապանում քիչ չեն նաև առողջ ապրելակերպին ապավինողները։ Սննդաբանը խորհուրդ է տալիս ուտել ամեն ինչ, բայց իմանալ չափը։ 

Ճիշտ սննդակարգը առաջնային է 

Հոգեբան, հոգեթերապևտ Սաթեն Գրիգորյանը նշեց, որ դիետաներին հետևելու համար պարտադիր չէ, որ մարդիկ դիմեն դիետոլոգների, քանի որ օրգանիզմներն ու անհատական չափանիշները կարող են տարբեր լինել․ «Հոգեբանական տեսանկյունից մարդիկ դիմում են դիետաների, քանի որ ունեն ինքնագնահատականի հետ կապված որոշակի խնդիրներ: Սովորաբար նման դեպքերում մարդիկ դիտարկում են իրենց համար որևէ մեկին, որևէ չափանիշ և որևէ մեկի կերպարը և փորձում նրան նմանվել և նմանօրինակել: Դրանք կարող են լինել աստղերը, կամ կարող է լինել որոշակի իդեալ, որին մոտ են իր սկզբունքները››:

Սննդից հրաժարումը, ախորժակի հիվանդագին բացակայությունը ի վերջո հանգեցնում են նյարդային անորեքսիայի: Ամեն տարի նիհար լինելու ձգտումից մահանում է մոտ 150.000 մարդ: Հայաստանում ճշգրիտ տվյալներ չկան, բայց այլ երկրների համեմատ դա այդքան էլ տարածված չէ:

Սննդաբան Հասմիկ Աբովյանը նշեց, որ ինքնաբուժությամբ զբաղվել պետք չէ․ «Դեռհասներն են սկսել առողջ ապրելակերպով զբաղվել, ինչը ողջունելի է։ Մարդիկ կարողանում են համացանցում գտնել ճիշտ սնվելուն վերաբերող բազմաթիվ գրառումներ և կիրառել առօրյայում, բայց եթե մարդն ունի քաշի նորմայից շեղում, ապա առանց բժշկի հնարավոր չէ լիարժեք հայտնաբերել խնդիրը, նշանակումներ անել և օգնել հեշտ ճանապարհով բուժելու։ Բժիշկը պետք է առաջնորդվի միայն ու միայն հիվանդի առողջությունը լավացնելով, նրա քաշը աստիճանաբար նվազեցնելով և չզրկելով հիվանդին ոչ մի տիպի սննդից։ Պետք է ուտել ամեն ինչ, միայն թե ճիշտ քանակ ընտրել»։

Ֆիտնեսով զբաղվելը խրախուսվում է

Ոմանք էլ ձգտում են որոշակի ֆիզիկական ակտիվության։ Տիկին Մարինեն երկու ամիս է՝ մարզվում է։ Գոհ է արդյունքից․ «Առողջական խնդիրների պատճառով դադարել եմ լողի հաճախել, թեև միշտ զբաղվել եմ։ Առաջին հերթին առողջության համար եմ աերոբիկայով զբաղվում, թե չէ արդեն 60-ն անց եմ, քաշիս մասին չեմ մտածում», - նշեց Մարինե Մանուչարյանը։

Մերի Մովսիսյանը թեև մեկ տարի է, ինչ որպես մարզիչ աերոբիկայի ոլորտում է, այնուամենայնիվ հասցրել է արդյունք ապահովել։ Ընդգծում է՝ Կապանում աերոբիկայով զբաղվողները շատ են, բայց կորոնավիրուսով պայմանավորված փոքր-ինչ պասիվություն է նկատում։ «Այստեղ գալիս են կամքի ուժ ունեցող մարդիկ, ինչը շատ կարևոր է։ Չեն գալիս ինձ համար, այլ գալիս են իրենց լավ կազմվածքի, առողջության համար։ Ճիշտ սնվել և չզբաղվել սպորտով կամ հակառակը հավասար է զրոյի, պետք է հասկանալ, որ առանց մեկը մյուսի լիարժեք առողջ լինել հնարավոր չէ», - նշեց Մերի Մովսիսյանը։

Ընկերությունները շատ են, ընտրությունը՝ դժվար

Մի մասն էլ օգտվում է առողջ ապրելակերպ քարոզող ընկերությունից։ Կապանում դրանց թիվը քիչ չէ, օգտվողներինը՝ նույնպես։ Ընկերություններից մեկի ներկայացուցիչը հրաժարվեց հարցազրույց տալ։ Այդ կազմակերպությունից օգտվողների գաղտնիությունը պահպանելով՝ տեղեկացանք, որ, օրինակ, 14 կիլոգրամ նիհարելուց հետո մի հոգի դադարեցրել է ընկերության խորհուրդներին հետևել և կրկնակի քաշ է ավելացրել։

Սննդաբանը նշում է՝ ոչ մի ժամանակավոր միջոց չի օգնում մարդուն նվազեցնել կամ պահպանել քաշը։ Նման կազմակերպությունները ընկնում են միայն լավ արդյունք ցույց տալու հետևից․ «Ժամանակավոր կիրառվող միջոցներով սխալ է քաշ նվազեցնելը, քանի որ մարդկանց նպատակը ոչ միայն նվազեցնելն է, այլև արդյունքը երկարատև պահելը, հետևաբար ժամանակավոր կիրառված միջոցը այստեղ էֆեկտիվ չէ։ Երբ դու հրաժարվում ես ժամանակավոր միջոցից, վերադառնում ես քո առաջվա սննդակարգին, բնականաբար, քաշը կրկնակի հետ է գալիս։ Հետևաբար պետք է սովորել ճիշտ սնվել, պահպանել այդ ճիշտ սովորությունները մինչև կյանքի վերջ։ Բացառված է որևէ դիետա, քանի որ այս բառի տակ մենք ունենում ենք որոշակի սահմանափակումներ», - ընդգծեց բժիշկը։

Առողջ լինելու համար շատ բան հարկավոր չէ, միայն առողջ սննդակարգ, թեթևություն, ֆիզիկական ակտիվություն՝ դե իհարկե, այս ամենը վատ սովորություններից զերծ մնալով։ Այդ ժամանակ, թերևս, կորոնավիրուսն էլ շրջանցի Ձեզ։

Նարե Խաչատրյան

15:00 30.03.2020

Ամենաշատ ընթերցվածները