ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՄԱԿ. Համաճարակը Համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ ճգնաժամն է աշխարհում
17:00 01.04.2020

ՄԱԿ. Համաճարակը Համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ ճգնաժամն է աշխարհում

Համաշխարհային կորոնավիրուսն ամենավատ ճգնաժամն է, որի հետ բախվել է աշխարհը Երկրորդ աշխարհամարտից ի վեր։ Հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ՄԱԿ-ի կողմից COVID-19 համաճարակի հետևանքով առաջացած սոցիալական և տնտեսական վնասների մասին զեկույցի ներկայացման  ժամանակ: Այս մասին գրում է euronews-ը։

«Նոր կորոնավիրուսային հիվանդությունը հարձակվում է հասարակությունների հիմքի վրա։ Covid-19-ը ամենամեծ փորձությունն է, որի դեմ մենք կանգնել ենք միասին՝ ՄԱԿ-ի ստեղծումից ի վեր»,-ասել է Գուտերեշը։

Զեկույցում ասվում է, որ «մենք բախվում ենք համաշխարհային առողջական ճգնաժամի հետ, որը սպանում է մարդկանց, տարածում մարդկային տառապանք ու խորտակում մարդկանց կյանքերը»։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է ամերիկացիներին «դժոխային երկու շաբաթների մասին»․ Սպիտակ տունը կանխատեսում է, որ ԱՄՆ-ում կարող է մահանալ 100 000-ից 240 000 մարդ:

Թրամփը հայտարարել է, որ պաշտոնական ուղեցույցներին հետևելը ամերիկացիների համար «կյանքի և մահի հարց է» և կանխատեսել, որ երկիրը շուտով կտեսնի «լույս՝ թունելի վերջում»:
Մինչ այժմ համաճարակի հետևանքով զոհվել է ավելի քան 3500 ամերիկացի և վարակվել է ավելի քան 170 000 մարդ:

Վերջին զարգացումները Եվրոպայում
 

Եվրոպայում իշխանությունները հաստատել են կորոնավիրուսից երկու երեխաների մահվան դեպքերը, մինչդեռ Ֆրանսիան և Իսպանիան հայտնել են, որ զոհերի և վարակների թիվը շարունակում է աճել:

Բելգիան հայտնել է վիրուսից 12-ամյա աղջկա մահվան մասին։ Մեծ Բրիտանիան ևս հայտնել է, որ Լոնդոնից 13-ամյա մի տղա նույնպես մահացել է:

Նիդերլանդները երկարաձգել են արգելափակման ժամկետը մինչև ապրիլի 28-ը: Երկրն այժմ հաղորդել է ավելի քան 1000 մահվան մասին:

Լեհաստանը նախաձեռնում է սահմանափակող նոր միջոցներ՝ ներառյալ փակելով ոչ հիմնական բիզնեսները: Մինչև 18 տարեկան երեխաները կարող են դուրս գալ միայն մեծահասակի ուղեկցությամբ:

ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նախազգուշացրել է, որ արտակարգ իրավիճակները չպետք է վնասեն Եվրոպայի «հիմնարար սկզբունքներին ու արժեքներին»:

Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Հունգարիայի խորհրդարանը հաստատեց Վիկտոր Օրբանի կառավարության ընդլայնված  լիազորությունները՝ անորոշ ժամկետով:

Ֆրանսիայում COVID-19 ամենօրյա մահվան դեպքերը մեկ շաբաթվա ընթացքում կրկնապատկվել են։

Իսպանիան հայտարարեց նոր հակառեկորդ՝ արձանագրելով մեկ օրվա ընթացքում մահերի ամենամեծ թիվը՝ 849, 24 ժամվա ընթացքում:

Իտալիայում ամենօրյա մահվան դեպքերը 800-ի սահմաններում են։

Մեծ Բրիտանիայում մահացության ամենօրյա թիվն աճել է 389-ով՝ կազմելով ընդհանուր 1789 մարդ:

Աղբյուր` Panorama.am

17:00 01.04.2020

Ամենաշատ ընթերցվածները