ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ինքնամեկուսացման ժամանակ խուճապի չմատնվել և գիտակցաբար մոտենալ ստեղծված իրավիճակին. հոգեբան
19:00 02.04.2020

Ինքնամեկուսացման ժամանակ խուճապի չմատնվել և գիտակցաբար մոտենալ ստեղծված իրավիճակին. հոգեբան

Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին, երբ մարդիկ ինքնամեկուսացած են տներում և փորձում են պահպանել կարանտինային ռեժիմը՝ հաճախ տագնապներ են ունենում, անհանգստանում կամ խուճապի մատնվում։ Նմանատիպ դեպքերում քաղաքացիներին օգնության է հասնում Փրկարար ծառայության 911 հեռախոսահամարը։

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչ, ենթասպա Հրաչյա Արամյանն այս օրերին քաղաքացիներին խորհուրդ է տալիս սոցցանցերից հնարավորինս քիչ օգտվել, որպեսզի խուճապի չմատնվեն։

«Քաղաքացիները զանգահարում են 911 հեռախոսահամարով անգամ այն դեպքում, երբ ջերմում են և շտապ օգնության կարիք ունեն, քանի որ այդ պահին նրանք խուճապի մեջ են լինում։ Մենք շատ զանգեր ենք ստանում այն քաղաքացիներից, ովքեր անհանգստանում են ոչ այնքան իրենց, որքան իրենց մտերիմների համար և խուճապահար ասում են, որ հնարավոր է նրանք վարակվեն։ Ընդհանուր տագնապն ու անհանգստությունը իջեցնելու համար խորհուրդներ ենք տալիս անձանց, ովքեր կորոնավիրուսի հետ կապված խուճապի են մատնվում։ Ես խորհուրդ եմ տալիս սոցիալական ցանցերից հնարավորինս քիչ օգտվել, քանի որ ամբողջ օրը նորություններ կարդալը և տարբեր տեղեկություններ ստանալը վատ է անդրադառնում մարդու վրա։ Մարդը կազմված է այնպես, որ առաջին հերթին ուշադրություն է դարձնում վատ բաներին, ինչը տագնապի ու խուճապի առաջին աղբյուրն է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արամյանը։

Նա խորհուրդ է տալիս նաև քաղաքացիներին հետևել միայն պաշտոնական լրահոսին և չկարդալ անհայտ ծագման կայքերում ու էջերում տեղադրված «նորությունները»։

Արամյանը պատմեց, որ դեպք են ունեցել, երբ զանգահարող քաղաքացին շատ նյարդային վիճակում է եղել,  նույնիսկ դժվար շնչառություն է ունեցել՝ տագնապային գրոհների տեսքով։ ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանները նրան առաջարկել են շնչառական վարժություններ, որոնք կատարելուց հետո վիճակը լավացել է։ Հոգեբանական խորհուրդներ նույնպես տվել են, որպեսզի նմանատիպ վիճակում չհայտնվի։

«Լինում են դեպքեր, երբ ասում են, որ տաքություն են ունենում և շտապօգնության կանչ են ցանկանում գրանցել, մի քանի հարց տալուց հետո, հասկանում ենք, որ իրականում հոգեբանի խորհրդի կարիք ունեն։ Զրուցում ենք նրանց հետ, տալիս որոշ ցուցումներ և մաղթում, որպեսզի խուճապի չմատնվեն, սակայն «մատների արանքով» էլ չնայեն և իրավիճակին գիտակից ձևով մոտենան»,- նշեց Հրաչյա Արամյանը։

 Լիլիթ Դեմուրյան

Աղբյուրը՝ «Արմենպրես»

19:00 02.04.2020

Ամենաշատ ընթերցվածները