ԱՎԵԼԻՆ

Հասարակական

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է մեկ միլիոնը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
10:00 03.04.2020

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է մեկ միլիոնը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 009 հազար 452-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 52 հազարից: Ապաքինվել է ավելի քան 211 հազար 878 մարդ: 
 
Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 240 հազար 395 հաստատված դեպք կա. 25 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել: Այստեղ մահացածների թիվն անցել է 5 հազար 808-ը: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 115 հազար 242 է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 13 հազար 915 մարդ:
 
Երրորդ տեղում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 112 հազար 065 է: Այս ցուցանիշով Իսպանիան մոտեցել է Իտալիային: Իսպանիայում մահացածների ընդհանուր թիվն ավելի քան 10 հազար է:
 
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Գերմանիան ևս գերազանցել է Չինաստանին. եվրոպական այդ երկրում 84 հազար 788 հաստատված դեպքեր կան՝ 6 հազար 807 նոր և 1 107 մահվան դեպքերով։ 
 
Ապա Չինաստանն է՝ 81 հազար 589 ընդհանուր և ընդամենը 35 նոր դեպքերով։ Վարակի ծագման այս երկրում մահացել է 3 հազար 318 մարդ։
 
Աշխարհում մեկ օրում մահացության նոր դեպքերի թվով առաջին տեղում Ֆրանսիան է՝ 1355 դեպքով։
 
Հաստատված դեպքերի թիվը 59 հազար 105 է: Մահերի թիվը 5 հազար 387 է: Ֆրանսիան այս ցուցանիշով շրջանցել է Չինաստանին:
 
Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 50 հազար 468 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 հազար 160:
 
Թուրքիայում մեկ օրում նոր դեպքերի բավական մեծ ցուցանիշով՝ 2 հազար 456, վարակակիրների թիվը հասել է 18 հազար 135-ի։  
 
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 134 դեպք կա, Ռուսաստանում` 3 հազար 548: Այստեղ մեկ օրում գրանցվել է 771 նոր դեպք։ ՌԴ-ում մահացել է 30 մարդ:  
 
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 204-ի։
 
Աղբյուրը՝ «Արմենպրես»
10:00 03.04.2020

Ամենաշատ ընթերցվածները