ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Նախարարը խորհուրդ է տալիս թանկացած մթերքների փոխարեն գնել դրանց փոխարինիչները
15:00 03.04.2020

Նախարարը խորհուրդ է տալիս թանկացած մթերքների փոխարեն գնել դրանց փոխարինիչները

Հայաստանում հնդկաձավարի գնի բարձրացումը կապված է հիմնականում արտաքին շուկայում արձանագրված գնի աճի հետ, որը, սակայն, եղել է կորոնավիրուսի տարածումից անկախ: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը խորհուրդ է տալիս թանկացած ապրանքների փոխարեն գնել դրանց փոխարինիչները՝ կարգավորելու նաև շուկան: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարն այս մասին ասաց ասուլիսում՝անդրադառնալով հարցին, թե ինչու է որոշ ապրանքների, մասնավորապես, հնդկաձավարի գնի բարձրացում նկատվում:

«Երբ անցյալ շաբաթվա վերջին մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների հետ քննարկում էինք, եղավ պարզաբանում, որ հնդկաձավարի գները սկսել էին բարձրանալ Ռուսաստանում, մասնավորապես, մինչև կորոնավիրուսի ազդեցությունը և տնտեսական դժվարությունները: Դա պայմանավորված է շուկայով: Բերվում էին օրինակներ, որ նախորդ հունվարի նկատմամբ այս հունվարին արդեն 2 անգամ գնի բարձրացում տեղի էր ունեցել և շարունակվում էր դրա աճը: Այսինքն՝ հնդկաձավարի դեպքում արտաքին շուկաներում, անկախ կորոնավիրուսի տարածումից, եղել է գնաճ, որը փոխանցվել է նաև մեր վաճառքի շուկա»,-ասաց Խաչատրյանը:

Նախարարը նկատեց, որ գների բարձրացման համար երկու բան է հնարավոր: Մեկն էլ այն է, որ այս ընթացքում լոգիստիկ շղթաներն են որոշակիորեն վնասվում: Ապրանքային հոսքի զգալի մասը իրանական սահմանի կողմից կամ Լարսի կողմից ժամանակ առ ժամանակ հանդիպում է դժվարությունների: Եվ չնայած այդ դժվարություններին՝ առայսօր հնարավոր է եղել ապահովել կանոնավոր մատակարարումներ: 

Խաչատրյանը նշեց՝ հնարավոր են որոշակի ապրանքների գների փոփոխություններ, որոնք արդեն տեսանելի են առանձին դեպքերում: «Բայց մենք հույս ունենք և տեսնում ենք դրա ուղղությամբ գործադրվող ջանքերը, որ մեր տնտեսավարողներն այնպես են կազմակերպում իրենց աշխատանքը, որ դա հնարավորինս լինի սպառողի համար հարմարավետ և գների բարձրացման չհանգեցնի: Եթե ՏՄՊՊՀ-ն նկատի, որ առանձին  տնտեսավարողներ, օգտվելով իրավիճակից, չարաշահում են իրենց դիրքերը, ունի բավարար գործիքներ՝ դրանք կանխելու համար»,-ասաց նա:

Խաչատրյանը շեշտեց՝ խուճապի մատնվելու որևէ առիթ, պատճառ այս պահին չկա: «Կլինեն որոշակի գնային տատանումներ, պետք է դրան հանգիստ վերաբերվել, եթե մենք տեսնում ենք ոսպի և հնդկաձավարի գները թանկանում են, ապա մենք որպես սպառողներ կարող ենք ընտրել մյուս փոխարինիչները, որոնք առկա են, այդպիսով առհասարակ նաև շուկան է կարգավորվում»,-ասաց նա:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

15:00 03.04.2020

Ամենաշատ ընթերցվածները