ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Պատմամշակութային ժառանգությանը նվիրված առցանց դասախոսություններ՝ դրանք ուսումնասիրողներից ու պեղողներից
19:00 21.04.2020

Պատմամշակութային ժառանգությանը նվիրված առցանց դասախոսություններ՝ դրանք ուսումնասիրողներից ու պեղողներից

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ անցկացվում են պատմամշակութային ժառանգության մասին դասախոսությունների շարք, որոնց ընթացքում հիմնականում  ներկայացվում են ոչ թե հասարակությանն արդեն հայտնի հուշարձանները, այլ նաև այնպիսի հուշարձաններ, որոնց մասին շատ քիչ է հայտնի կամ մարդիկ գրեթե տեղյակ չեն։

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, ազգագրագետ Խորեն Գրիգորյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ մինչև արտակարգ դրության ռեժիմը, երբ հայտարարվել էր, որ թանգարանները ժամանակավորապես փակ են լինելու, սկսեցին  մտածել, թե ինչպես գոնե տեղեկատվական մակարդակով  շարունակել հուշարձանների հանրահռչակումը  և պահպանությունը։

«Հուշարձան պահպանելը միայն այնտեղ պահակ նշանակելը չէ,  պետք է նաև մարդկանց մոտ բարձրացնել գիտակցությունը։ Այդ տեսանկյունից քննարկումների արդյունքում հասանք նրան, որ  Հնագիտության և ազգագրության ինստիտուտի դոկտոր պրոֆեսորների, հնագետների, ազգագրագետների հետ անցկացնել հուշարձաններին նվիրված դասախոսությունների շարք, որի շրջանակն այնքան բազմազան է, որքան հուշարձանների բնույթը»,- նշեց նա։

Խ.Գրիգորյանի խոսքով, հուշարձան ասելով չպետք է հասկանալ միայն եկեղեցի կամ արձան, այն  բազմազան է՝ գերեզմաններ, հնագիտական հնավայրեր, դամբարանադաշտեր, ամրոցներ, բերդեր, ճարտարապետական կառույցներ։  

«Որոշեցինք դասախոսություններում այդ ամբողջն ընդգրկել՝ ներկայացնելով ոչ միայն հայտնի հուշարձաններ, նաև այնպիսի, որոնց մասին ժողովուրդը չգիտի»,- ասաց ՊՈԱԿ-ի փոխտնօրենը։

Նա նշեց, որ իրենց խնդիրը ոչ թե հանրամատեչելի ներկայացնելն է, այլ գիտական մակարդակում. «Մեր նպատակն է հնարավորինս գիտական ինֆորմացիա փոխանցել թանգարաններում, հուշարձաններում աշխատողներին, նաև տուրիստական ընկերություններին, որպեսզի նրանք արդեն իրենք հանրամատչելի ներկայացնեն ժողովրդին։  

Օգտվելով առիթից, որ մարդիկ տանն են, ցանկանում ենք փոխանցվել տեղեկատվություն հենց հուշարձանները պեղողներից, դրանք հայտնաբերողներից, ճարտարապետներից, հնագետներից ու ազգագրագետներից»։

Նրա խոսքով, դասախոսություններին մասնակցում են նրանք, ովքեր հարցեր ունեն այդ թեմաների վերաբերյալ, ծավալվում է քննարկում, իսկ դասախոսության տեսանյութը դրվում է համացանցում։ 

«Ուրախալի է, որ այդ տեսանյութերն այնուհետև հայտնվում են մշակույթով զբաղվող կազմակերպությունների, տուրիստական ընկերությունների էջերում, որոնք աշխատում են տարբեր խմբերի հետ»,- ասաց նա։

ՊՈԱԿ-ի փոխտնօրենի խոսքով, այս ամենը լավ փորձ է հետագայում էլ նման դասախոսություններ կազմակերպելու համար, քանի որ նման ձևաչափով քննարկումները հեշտացնում է աշխատանքն ու շատ դեպքերում, երբ տվյալ մասնագետը չկարողանա ներկայանալ դասախոսության, այսկերպ հնարավոր կլինի լսել նրան։

Արդեն անցկացվել են «Վիմագրերի վերծանության սկզբունքները», «Երվանդաշատի հնավայրի պեղումները», «Առինջի խաչքարադաշտը» թեմաներով դասախոսությունները։  Խ.Գրիգորյանը տեղեկացրեց, որ ապրիլի 23-ին, 24-ին  դասախոսությունները Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ուղղված են լինելու Արևմտյան Հայաստանի պատմամշակութային ժառանգությանն ու մասնավորապես՝ հուշարձան-կոթողներին, ներկայացվելու են լուսանկարներ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կազմակերպության կատարած հետազոտությունների, Ջուղայի խաչքարադաշտի հետ կապված տեսանյութեր։ Նախապատրաստում են Սամվել Կարապետյանի այցելությունների մասին դասախոսություն իր թիմի հետ, որոնք կպատմեն հենց իրենց աչքով տեսած ու հետազոտած հուշարձանների մասին։

Նշենք, որ դասախոսությունների  տեսանյութերը տեղադրված են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում։ 

Աղբյուր` Panorama.am

19:00 21.04.2020