ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Արցախում գրանցվել է վարակի 14 դեպք, որից 4-ը նոր է, 8 պացիենտ արդեն ապաքինվել է
13:00 11.05.2020

Արցախում գրանցվել է վարակի 14 դեպք, որից 4-ը նոր է, 8 պացիենտ արդեն ապաքինվել է

Արցախում մայիսի 9-ին թեստավորված 41 քաղաքացուց 37-ի COVID-19 թեստի պատախանը բացասական է, իսկ 4-ինը՝ դրական, այսինքն՝ նրանց մոտ հաստատվել է նոր կորոնավիրուսի վարակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Ըստ աղբյուրի՝ 4 քաղաքացիները, որոնց մոտ հաստատվել է  նոր կորոնավիրուսային վարակը, մայիսի 7-ին Նոր Վերինշեն համայնքում գրանցված վարակակրի շրջանակից են՝ Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքից:

Վերոնշյալ 4 քաղաքացուց երկուսը գտնվում էին Շուշի քաղաքում մեկուսացման համար նախատեսված հյուրանոցում, իսկ երկուսը՝ Նոր Բրաջուր համայնքում ինքնամեկուսացվել էին:

«Հիշեցնենք, որ ԱՀ Պարետի որոշման համաձայն՝ մայիսի 7-ին Նոր Վերինշեն համայնքում և Քնարավան համայնքի Չափնի գյուղում, ինչպես նաև՝ մայիսի 8-ին Նոր Բրաջուր համայնքում մտցվել են ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ սահմանափակումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՀ առողջապահության նախարարությունը նաև նշում է, որ մայիսի 9-ին կրկնակի թեստավորված և տևական ժամանակ բուժհաստատություններում գտնվող, նոր կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը բացասական է եղել:

«Այսինքն՝ վարակն այլևս չի հաստատվել, և նրանք դուրս են գրվել բուժհաստատությունից: Նշենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 14 դեպք, որից 8-ն արդեն ապաքինվել են»,- տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

Աղբյուր՝ armenpress.am

13:00 11.05.2020

Ամենաշատ ընթերցվածները