ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՀ ՊՆ-ն դատապարտում է Ադրբեջանի կողմից տարածաշրջանում անվտանգային միջավայրը սրող զորավարժության անցկացումը
17:00 14.05.2020

ՀՀ ՊՆ-ն դատապարտում է Ադրբեջանի կողմից տարածաշրջանում անվտանգային միջավայրը սրող զորավարժության անցկացումը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Ադրբեջանում մայիսի 18-22-ը անցկացվելիք օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժությունի հետ։ 

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն, ս.թ. մայիսի 18-22-ը Ադրբեջանում անցկացվելու է օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժություն: 

Հատկանշական է, որ զորավարժությունն ունի բացառապես հարձակողական բնույթ, որի ընթացքում խաղարկվելու են հրթիռահրետանային, ավիացիոն, գերճշգրիտ սպառազինության զանգվածային հարվածներ հակառակորդի օպերատիվ խորությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանում կայանալիք լայնածավալ զորավարժությունը, ձևավորված ավանդույթի համաձայն, տեղի է ունենում առանց նախնական ծանուցման, ինչը վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառում հանդիսացող 2011թ. Վիեննայի փաստաթղթի անտեսման և կոպիտ խախտման հերթական դրսևորում է:

ՀՀ պաշտպանության նախարարությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից տարածաշրջանում անվտանգային միջավայրը սրող այդ զորավարժության անցկացումը, ինչը տեղի է ունենալու համաշխարհային մարտահրավերի՝ COVID-19 համավարակի դեմ միասնական գործողություններով պայքարելու անհրաժեշտության պայմաններում և ի հեճուկս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ա.Գուտերեշի համաշխարհային զինադադարի հաստատման կոչին:

Կոչ ենք անում ադրբեջանական կողմին զսպվածություն դրսևորել և հարգել միջազգային հանրության առջև ստանձնած հանձնառությունները: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ զորավարժությունների ընթացքում Հայաստանի հետ պետական սահմանին կամ Արցախի հետ շփման գծին ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի որպես սադրանք և կունենա համապատասխան հետևանքներ»,- նշված է ՀՀ ՊՆ հայտարարությունում։

 

Աղբյուր` Panorama.am

17:00 14.05.2020

Ամենաշատ ընթերցվածները