ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Խնձորեսկը վերջապես ջուր ունի
13:00 15.05.2020

Խնձորեսկը վերջապես ջուր ունի

Լուսանկարներում նորակառույց կապտաժներն են, որոնցում հավաքվող ջրի շնորհիվ դեպի Խնձորեսկ րոպեում 8-10 լիտր ջուր է մղվելու: Դեռևս 70 տարի առաջ է կառուցվել Խնձորեսկի ջրամատակարարման համակարգը: Տարիների ընթացքում այն քայքայվել էր, և Խնձորեսկում խմելու ջրի հարցը օրախնդիր էր, ինչի մասին բնակիչները տարիներ շարունակ բարձրաձայնում էին:

Նախորդ տարի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը խնձորեսկցիներին վստահեցրել էր, որ բնակավայրի խմելու ջրի հարցը վերջնականապես լուծվելու է: 2019 թվականին սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շուրջ 42 մլն ՀՀ դրամ է ներդրվել՝ բնակավայրում առկա խնդրի վերջնական լուծման նպատակով: Կառուցվել են թվով 3 կապտաժներ, շուրջ 1.7կմ ջրագիծ, որի շնորհիվ բնական աղբյուրներից ջուրը հավաքվում և կրկնակի ծավալով մղվում է դեպի բնակավայր:

Առաջիկայում կվերանորոգվի կարգավորիչ ջրամբարը և կկառուցվի ջրի ֆիլտրման կայան, կտեղադրվեն նաև ջրաչափեր: Համակարգային լուծումը կօգնի ապահովել ոչ միայն 24 ժամյա ջրամատակարարում, նաև մատուցվող ծառայությունը կբերվի համապատասխան ստանդարտների: Կապտաժների կառուցման շինաշխատանքները իրականացրել է «Հարսնաձոր» ընկերությունը: Շինաշխատանքներն արդեն ավարտվել են: Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն այսօր այցելել է 《Մոտիկ սար》 անվանյալ տարածք` դիտարկելու կատարված աշխատանքների արդյունքը: Իրականացված ծրագրի արդյունքում ջրի քանակը կրկնակի ավելացել է՝ լուծում տալով կենսական նշանակության խնդրին:

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

13:00 15.05.2020

Ամենաշատ ընթերցվածները