ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

20 տարում առաջին անգամ «կանաչ» էներգիայի համաշխարհային աճը կնվազի
18:00 20.05.2020

20 տարում առաջին անգամ «կանաչ» էներգիայի համաշխարհային աճը կնվազի

Էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում նոր հզորությունների գլոբալ աճը 20 տարում առաջին անգամ կնվազի կորոնավիրուսի համավարակի պատճառով, հայտնել է Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ):

Այս տարի աշխարհում կառուցվելու են ավելի քիչ հողմատուրբիններ, արեւային էլեկտրակայաններ եւ այլ կայանքներ, որոնք արտադրում են վերականգնվող էլեկտրաէներգիա, քանի որ կոմերցիոն եւ արդյունաբերական հատվածներում էներգիայի պահանջարկը նվազել է, իսկ լոգիստիկայի խնդիրները նախագծերը ուշացնում են: «Երկրները շարունակում են կառուցել նոր հողմատուրբիններ եւ արեւային էլեկտրակայններ, բայց ավելի դանդաղ տեմպերով»,- ասել է ՄԷԳ գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը:

«Դեռեւս մինչեւ Covid-19 համավարակի սկսվելը, աշխարհը պետք է զգալիորեն արագացներ էներգիայի վերականգնվող աղբյուրների ծավալումը, որ հնարավորություն ունենար հասնելու իր էներգետիկ եւ կլիմայական նպատակներին»,- ասել է նա:

Վերականգնվող էներգիայի շուկայի թարմացման վերաբերյալ ՄԷԳ հաշվետվության համաձայն՝ այս տարի վերականգնվող էներգիայի հավելյալ հզորությունները կկազմեն 167 գիգավատտ (ԳՎտ), ինչը 13 տոկոսով քիչ է, քան անցյալ տարի: Բայց էներգիայի վերականգնվող աղբյուրների ընդհանուր գլոբալ հզորությունը դեռեւս մեծանում է եւ 2020 թվականին կաճի 6 տոկոսով:

Այս տարի ավելի դանդաղ աճ արտացոլում են շինարարական գործունեության ուշացումները՝ մատակարարումների շղթաներում խափանումների, սահմանափակումների եւ սոցիալական հեռավորության պահպանման, ինչպես նաեւ ֆինանսավորման հետ կապված խնդիրների պատճառներով:

Հաջորդ տարվա կանխատեսումներով՝ էներգիայի վերականգնվող աղբյուրների քանակությունը կվերականգնվի 2019 թվականին հասած մակարդակին: Անկալվում է, որ 2020 եւ 2021 թվականներին ընդհանուր աճը կլինի 10 տոկոսով ցածր, քան ՄԷԳ-ը կանխատեսել էր մինչեւ կորոնավիրուսի բռնկումը:

Աղբյուրը՝ NEWS.am

18:00 20.05.2020

Ամենաշատ ընթերցվածները