ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Ինչո՞ւ Հայաստանը չկար Եվրոպական հանձնաժողովի ընդլայման և եվրոպական հարևանության վարկ ստացած երկրների թվում
19:00 20.05.2020

Ինչո՞ւ Հայաստանը չկար Եվրոպական հանձնաժողովի ընդլայման և եվրոպական հարևանության վարկ ստացած երկրների թվում

ԵՄ արևելյան գործընկեր Հայաստանին բաժին չհասավ բարենպաստ վարկից, որ Եվրոպական հանձնաժողովի ընդլայման և եվրոպական հարևանության գործընկերներին տրամադրվեց՝   օգնելու հաղթահարել COVID-19 համաճարակի տնտեսական հետևանքները:

Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնաց այս երկրների շարքիք։ Գրավորը հարցը Panorama.am-ն ուղղեց ֆինանսների նախարարությանը։

«ԵՄ մակրոֆինանսական աջակցությունը (այսուհետ՝ ՄՖԱ) ֆինանսական օժանդակության ձև է, որը ԵՄ կողմից տրամադրվում է գործընկեր այն երկրներին, որոնք աշխարհագրականորեն, տնտեսապես կամ քաղաքականպես մոտ են ԵՄ-ին: Դրանք ԵՄ թեկնածու և պոտենցիալ թեկնածու երկրներն են, ԵՄ-ին սահմանակից երկրները, որոնք ընդգրկված են Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրում և, որոշակի դեպքերում, այլ երրորդ երկրները: ՄՖԱ-ի շահառուներ են Հայաստանը, Վրաստանը, Հորդանանը, Ղրղզստանը, Մոլդովան, Թունիսը, Ուկրաինան»,-ի պատասխան մանրամասնեցին ֆինանսների նախարարությունից։

Ըստ գերատեսչության, ՄՖԱ-ի տրամադրման նախապայման է մարդու իրավունքների հարգումը և արդյունավետ ժողովրդավարական մեխանիզմները, ներառյալ՝ բազմակուսակցական խորհրդարանական համակարգը և օրենքի գերակայությունը:

Նախարարությունից բացատրում են, որ ՄՖԱ-ն ունի բացառիկ/եզակի բնույթ և գործի է դրվում վճարային հաշվեկշռի հետ լուրջ խնդիրներ ունեցող երկրներին աջակցություն ցուցաբերելու համար՝ նպատակ ունենալով վերականգնել կայուն արտաքին ֆինանսական միջավայրը և միաժամանակ խրախուսելով տնտեսական ճշգրտումներն ու կառուցվածքային բարեփոխումները:
ՄՖԱ-ն հասանելի է միայն Արժույթի միջազգային հիմնադրամի (այսուհետ՝ ԱՄՀ) հետ մասհանման փուլում գտնվող ոչ կանխարգելիչ (non-precautionary) ծրագիր ունեցող երկրների համար, որոնք ունեն ԱՄՀ-ի ծրագրի ներքո ծրագրային բարեփոխումների իրականացման հաջողված փորձ:

ՄՖԱ-ն հատկացվում է ի լրումն ԱՄՀ-ի կողմից տրամադրվող ֆինանսական օժանդակությանը:
Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ ԱՄՀ-ի հետ համագործակցության շրջանակներում 2019թ․ մայիսին Հայաստանի Հանրապետության համար հաստատված Պահուստային (Stand-by) ծրագիրն ունի կանխարգելիչ բնույթ, հետևաբար ներկա պահին այն հնարավորություններ չի ապահովում ՄՖԱ գործիքից ՀՀ-ի կողմից օգտվելու համար։

«ԵՄ խորհրդի և ԵՄ խորհրդարանի որոշմամբ սահմանվում են յուրաքանչյուր երկրի համար ծրագրի ֆինանսավորման չափը և կառուցվածքը, մասնաբաժինների քանակը, վարկային բաղադրիչի համար վարկի առավելագույն (միջին) ժամկետը»,-նշեցին նախարարությունից։

Աղբյուրի փոխանցմամբ, ծրագիրն ի սկզբանե նախատեսված է տասը երկրների (Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Վրաստան, Հորդանան, Կոսովո, Մոլդովա, Չեռնոգորիա, Հյուսիսային Մակեդոնիա, Թունիս, Ուկրաինա) համար, սակայն առաջարկում նշվում է, որ հաշվի առնելով, որ ճգնաժամը գնալով բարդանում է նաև այլ երկրներում, ուստի ՄՖԱ-ն մատչելի կլինի նաև այլ շահառու երկրների համար:

Միաժամանակ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ կառավարությունում շարունակվում են «COVID-19» համավարակի պայմաններում լրացուցիչ ֆինանսական միջոցների կարիքների գնահատման գործընթացը, միջազգային ֆինանսական կառույցներից այդ միջոցների ներգրավման անհրաժեշտության շուրջ քննարկումները:

Աղբյուր` Panorama.am

 
 
19:00 20.05.2020

Ամենաշատ ընթերցվածները