ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Կառավարությունը մինչև 1.8 մլրդ դրամի վարկային միջոցներ կհատկացնի սպանդանոցներին
19:00 21.05.2020

Կառավարությունը մինչև 1.8 մլրդ դրամի վարկային միջոցներ կհատկացնի սպանդանոցներին

«Յուրաքանչյուր մեկ կենդանու սպանդի համար նախատեսված հզորության դիմաց կազմակերպությունը կստանա 2 միլիոն դրամ, այն բավարար է 7 օր ամբողջ հզորությամբ աշխատելու համար»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացնելով՝ Կառավարության 2019 թ. փետրվարի 28-ի այն որոշման մեջ փոփոխություն կատարելու նախագիծը, որը կարգավորում է Կառավարության կողմից գյուղատնտեսության բնագավառում գնումների շրջանակում մթերումների կամ գնումների աջակցության գործընթացը:

Նախարարը նկատեց, որ մինչև այսօր այդ որոշման տիրույթը չի ներառում այն դեպքերը, երբ սպանդանոցները կարող են կատարել գյուղատնտեսական կենդանիների գնումներ։

Ըստ Խաչատրյանի, նախատեսվում է այսուհետև թույլ տալ, որ այդ աջակցության գործիքը կիրառվի նաև սպանդանոցներին վարկային սահմանաչափեր տալու համար:

Տեղեկացնելով, որ նախագծով կառավարությունը առաջարկում է 1.5 տարով 0 տոկոսադրույքով շրջանառու միջոցներ՝ նախարաը նշեց, որ որոշվել է կապել այս աջակցության սահմանաչափը սպանդանոցների հզորության հետ՝ կախված այն հանգամանքից, թե որքան հզորություն ունի այդ սպանդանոցը, քանի կենդանու համար է նախատեսված:

Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ մեկ խոշեր եղջերավոր կենդանու սպանդ կազմակերպելու համար անհրաժեշտ է մոտավորապես 15 քմ տարածք և առաջարկել են վարկային սահմանաչափը կապել այդ մեծության հետ՝ յուրաքանչյուր 15 քմ-ի հաշվով սահմանելով 2 միլիոն դրամ սահմանչափ:

«Եթե 10 գլուխ խոշոր եղջերավոր կենդանու համար է նախատեսված այդ սպանդանոցը, ունի 150 քմ և 20 միլիոն դրամ սահմանաչափ՝ մեր մոտավոր հաշվարկներով իր վարկային սահմանաչափի շրջանակում անտոկոս շրջանառու միջոցների հաշվին կկարողանա շաբաթվա ընթացքում մինչև 70 կենդանի գնել: Հետո դա վաճառելով կստանա այդ գումարները, որպեսզի այն պահին, երբ գյուղացուց գնումը է կատարում, գյուղացին չսպասի մինչև այդ սպանդի ենթարկված կենդանին հասնի շուկա»,- հիմնավորեց Էկոնոմիկայի նախարարը:

Նախարարը հայտնեց, որ կախված սպանդանոցի ծավալներից, ծրագրով նախատեսված վարկավորման առավելագույն 1.5 մլրդ դրամի շեմն ավելացվել է մինչև 1.8 մլրդ դրամ։

Ըստ կառավարության ընդունած այս որոշման, շարժական սպանդանոցների համար էլ 5 միլիոն դրամի սահմանաչափ կկիրառվի:

Աղբյուր` Panorama.am

19:00 21.05.2020