ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը
15:00 28.05.2020

Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը

Հայաստանն այսօր՝ մայիսի 28-ին, նշում է Առաջին Հանրապետության օրը:

1918թ. մայիսի 21-ից 29-ը հայկական զինվորական կազմավորումներն ու աշխարհազորը երեք ճակատով դիմակայեցին Արաքսը գետանցած թուրքական բանակին։ Հիմնական խմբավորումը գրավել էր Սարդարապատ կայարանը եւ ծրագրում էր հարձակվել ու գրավել Երեւանը։

Սարդարապատում ու Բաշ Ապարանում հաղթական ճակատամարտերից եւ Ղարաքիլիսայում հերոսական մաքառումից հետո մայիսի 28-ին Թիֆլիսում Հայոց Ազգային խորհուրդ Հայաստանը հռչակեց անկախ Հանրապետություն։

Հաղթանակը հայ ժողովրդին թույլ տվեց վերականգնել սեփական հայրենիքում 9 դար առաջ կորցրած պետականությունը (Կիլիկիայում պետականության անկումից՝ շուրջ 540 տարի անց): 

«Անդրկովկասի քաղաքական ամբողջականության անկումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի կողմից անկախության հռչակմամբ պայմանավորված` Հայկական ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»,-հենց այդ ձեւակերպումն է տեղ գտել Հայաստանի Անկախության հռչակագրում:

Անգնահատելի է Հայաստանի Առաջին Հանրապետության դերը պետական կառավարման մարմինների ստեղծման գործում: Ցավոք, Հայաստանի անկախ Հանրապետությունը կարճ կյանք ունեցավ եւ Հայաստանը կորցրեց անկախությունը 1920 թվականի դեկտեմբերի 2-ին, երբ Հայաստան ներխուժեց Խորհրդային Ռուսաստանի 11-րդ կարմիր բանակը, եւ Ռուսաստանը Հայաստանին պարտադրեց կապիտուլյացիոն պայմանագիր:

Ավանդաբար մայիսի 28-ին հիմնական միջոցառումներն անցկացվում են Սարդարապատում, որը հավերժացնում է հայ ժողովրդի հերոս զավակների հիշատակը, որոնք 1918թ-ին կանգնեցրին թուրքերի ներխուժումը երկիր:

Մայիսի 28-ին կորոնավիրուսի համավարակով եւ արտակարգ դրությամբ պայմանավորված Սարդարապատ տրանսպորտային միջոցների եւ մարդկանց մուտքն արգելված է։

Աղբյուր՝ news.am
15:00 28.05.2020

Ամենաշատ ընթերցվածները