ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Համավարակի ժամանակաշրջանում կազմակերպվել է 35 հազար ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան
10:00 19.06.2020

Համավարակի ժամանակաշրջանում կազմակերպվել է 35 հազար ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան

Կորոնավիրուսային համավարակի ժամանակաշրջանում տարբեր երկրներից կազմակերպվել է ավելի քան 35 հազար ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Սահմանափակման մեջ, սակայն անսահմանափակ Սփյուռքի շնորհիվ» թեմայով վեբինարի ժամանակ այս մասին ասաց  Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։

Ներկայացնելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանության գործունեությունը համավարակի ժամանակաշրջանում՝ ՀՀ դեսպանը նշեց, որ իրենց աշխատանքի 99 տոկոսը պահպանված է։ 

 «Աշխատանքը շարունակվում է և հեռավար կարգով, և գրասենյակից։ Շարունակում ենք մեր առաքելությունը իրականացնել, պահպանել հայ-ամերիկյան հարաբերությունները, զարգացնել այն, ինչպես օրենսդրական,այնպես էլ  գործադիր իշխանությունների հետ։ Հայ-ամերիկյան համայնքի հետ հարաբերությունները նույնպես զարգանում են, կապի մեջ եմ եղել և արևելյան, և արևմտյան ափերի սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Օրական կտրվածքով կապ եմ պահում թեմերի, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,- ասաց Ներսեսյանը։

Դեսպանը հայտնեց, որ հաճախ խոսում է մյուս երկրների դեսպանների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Իհարկե, նորությունները բոլորին էլ հայտնի էին։ Բոլորն էլ գիտեին, որ արդեն փետրվարին- մարտին ինչ-որ բան սպասվում է, բայց չգիտեին, թե ինչ մասշտաբի է լինելու ԱՄՆ-ում։ Մենք բախվեցինք անակնկալի այդ տեսանկյունից»,-ասաց Ներսեսյանը՝ հավելելով, որ մարտի 4-ի համերգը վերջին միջոցառումն էր՝ կազմակերպված հայ համայնքի կողմից։

Վարուժան Ներսեսյանի խոսքով՝ համավարակի ժամանակաշրջանում երկու խոշոր վեբինար են կազմակերպել, որոնցից մեկին մասնակցել են նաև բարձրաստիճան պաշտոնյաները։

«Իրապես ծանր ժամանակներ են, կորոնավիրուսը ազդել է բոլորի վրա։ Համաճարակի մեկնարկից սկսած ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունը վերակազմակերպել է իր աշխատանքը՝ հաշվի առնելով հանգամանքները։ Սա, իհարկե, ևս մեկ հնարավորություն էր բոլորիս համար մոբիլիզացնելու մեր աշխատաքները, ուշադրություն դարձնելով աշխատանքի լիարժեք իրականացման վրա նման իրավիճակում»,- եզրափակեց դեսպանը։

Աղբյուրը՝ «Արմենպրես»

10:00 19.06.2020

Ամենաշատ ընթերցվածները