ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

ԱՀԿ-ն նախազգուշացրել է կորոնավիրուսի համավարակի նոր վտանգավոր փուլի մասին
15:00 20.06.2020

ԱՀԿ-ն նախազգուշացրել է կորոնավիրուսի համավարակի նոր վտանգավոր փուլի մասին

Աշխարհը մտել է կորոնավիրուսային համավարակի տարածման նոր վտանգավոր փուլ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է  Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

Նա հիշեցրել է, որ հինգշաբթի ԱՀԿ-ն ստացել էր  ավելի քան 150 հազար նոր վարակման դեպքերի մասին հաղորդումներ։

«Այս դեպքերի կեսի վերաբերյալ հաղորդումներ եկել են Հյուսիսային և Հարավային Ամերիկաներից, և մեծ թվով դեպքեր են գրանցվել նաև Հարավային Ասիայում և Մերձավոր Արևելքում։ Աշխարհը գտնվում է նոր և շատ վտանգավոր փուլում»,-  ասել է  ԱՀԿ ղեկավարը։

Նրա խոսքով, շատ մարդիկ հոգնել են տանը մնալուց:

«Կարելի է հասկանալ նաև երկրների ցանկությունը` բացել իրենց հասարակությունները և տնտեսությունները։ Բայց վարակն ավելի արագ է տարածվում, և, ինչպես նախկինում, մահացու է», - ասել է Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

Նա կոչ է արել «բոլոր երկրներին և բոլոր մարդկանց լինել ծայրաստիճան զգոն»։ ԱՀԿ ղեկավարը խորհուրդ է տվել հետևել անվտանգության միջոցառումներին՝ պահել սոցիալական հեռավորություն, մնալ տանը հիվանդության դեպքում, հազալիս և փռշտալիս փակել բերանն ու քիթը, կրել պաշտպանիչ դիմակներ, եթե անհրաժեշտ է։ Բացի այդ, երկրները պետք է շարունակեն աշխատել վարակված անձանց նույնականացման, նրանց մեկուսացման, թեստավորման և բոլոր հիվանդ մարդկանց բուժման ուղղությամբ:

ԱՀԿ գլխավոր տնօրենը հիշեցրել է, որ տարածվող համավարակի պայմաններում «ամենաշատը տառապում են ամենախոցելի մարդիկ»: Այս կապակցությամբ նա ուշադրություն է հրավիրել փախստականների շրջանում վարկման ռիսկի վրա, քանի որ հաճախ նրանք չունեն նորմալ կացարաններ, ջրամատարակակում, սնունդ, սանիտարական և առողջապահական խնամքի համար անհրաժեշտ միջոցներ:

«ԱՀԿ-ն խորապես անհանգստացած է փախստականների ճամբարներում COVID-19 հիվանդության մեծածավալ փոխանցման շատ իրական սպառնալիքով», - ասել է ԱՀԿ ղեկավարը:

Աղբյուր` Panorama.am

15:00 20.06.2020

Ամենաշատ ընթերցվածները