ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Քաշաթաղում 43 բազմազավակ ընտանիքների համար առանձնատներ կկառուցվեն
16:00 23.06.2020

Քաշաթաղում 43 բազմազավակ ընտանիքների համար առանձնատներ կկառուցվեն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 23-ին ընդունել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Վերջինս նախագահին է ներկայացրել շրջանում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական, մասնավորապես՝ բնակարանային խնդիրները: 
Երկրի ղեկավարը նշել է, որ նախատեսվում է շրջանում իրականացնել մեծածավալ ծրագրեր:

Ընթացիկ տարում կսկսվեն 43 բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցման աշխատանքները, բնակարանային պայմանների բարելավման համար շրջանին կհատկացվի 150 մլն դրամ լրացուցիչ գումար՝ շինանյութերի ձեռքբերման նպատակով, կմեկնարկի Խնձորեսկ-Որոտան ճանապարհահատվածի ասֆալտապատման գործընթացը, մեծ ուշադրության կարժանանան ոռոգման ցանցի վերանորոգման և կառուցման ծրագրերը:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ կառավարությունը գործնական այլ քայլեր կձեռնարկի հայրենադարձության գործընթացին նոր թափ հաղորդելու ուղղությամբ:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար ժիրայր Միրզոյանը:

Աղբյուր` Panorama.am

16:00 23.06.2020