ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ԱՀԿ-ն կոչ է անում մեծացնել կորոնավիրուսով պացիենտների համար դեքսամետազոնի արտադրությունը
18:00 23.06.2020

ԱՀԿ-ն կոչ է անում մեծացնել կորոնավիրուսով պացիենտների համար դեքսամետազոնի արտադրությունը

Արդեն այսօր կորոնավիրուսի ծանր դեպքերի բուժման ժամանակ իր արդյունավետությունն ապացուցած ոչ թանկ ստերոիդի՝ դեքսամետազոնի պահանջարկը գերազանցում է առաջարկը: Այս մասին Ժնեւում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը:

«Նախնական տվյալներով՝ դեքսամետազոն ստերոիդն ունի մեծ պոտենցիալ կորոնավիրուսի ծանր ընթացքով պացիենտներին փրկելու համար: Այժմ մեր խնդիրն է մեծացնել դեղամիջոցի արտադրությունն ամբողջ աշխարհում»,-ասել է նա:

Հեբրեյեսուսը հավելել է, որ արտադրողներն ու մատակարարները պարտավոր են երաշխավորել արտադրանքի որակը, քանի որ այժմ շուկայում անորակ եւ կեղծ դեքսամետազոնի հայտնվելու ռիսկ կա:

Նա հավելել է, որ դեքսամետազոնը պետք է օգտագործվի միայն ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների համար:   

«Հիշեցնում եմ, որ չկա որեւէ ապացույց, որ դեքսամետազոնն արդյունավետ է կորոնավիրուսի թեթեւ ընթացքով պացիենտների համար»,-ասել է նա: 

Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱՀԿ-ն հայտնել է Օքսֆորդի համալսարանի մասնագետների հետազոտության նախնական արդյունքները, որոնք ցույց են տվել դեքսամետազոնի արդյունավետությունը:

Այդ դեղամիջոցի շնորհիվ ծանր վիճակում գտնվող պացիենտների մահացությունը նվազել է 3 անգամ, իսկ թթվածնի կարիք ունեցող հիվանդների շրջանում մահացությունը՝ 5 անգամ:

«Սա առաջին բուժումն է, որը նվազեցնում է կորոնավիրուսով հիվնադների շրջանում մահացությունը: Սա լավ նորություն է, եւ ես շնորհավորում եմ Մեծ Բրիտանիայի կառավարությանը, Օքսֆորդի համալսարանին, հիվանդանոցներին եւ պացիենտներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել այդ գիտական առաջընթացում»,-ասել է Հեբրեյեսուսը: 

Աղբյուր՝ med.news.am

18:00 23.06.2020

Ամենաշատ ընթերցվածները