ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հացավան համայնքի տարածքում գտնվող հանգստյան գոտում կարմիրգրքյան կենդանիները պահվում են «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածների խախտմամբ
16:00 10.07.2020

Հացավան համայնքի տարածքում գտնվող հանգստյան գոտում կարմիրգրքյան կենդանիները պահվում են «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածների խախտմամբ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում է մտահոգվել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի հարևանությամբ Հացավան համայնքի տարածքում գտնվող «Resort MJA» հանգստյան գոտում անազատ պայմաններում պահվող կարմիրգրքյան երեք գորշ արջերի /Ursus arctos/ ճակատագրով։ Հիմնադրամը շարունակում է ահազանգեր ստանալ բազմաթիվ քաղաքացիներից, որոնց համար միևնույն չէ կենդանիների ճակատագիրը։ Հրապարակված տեսանյութում երևում է ոչ միայն կենդանիների ոչ բարեկեցիկ և բնական միջավայրին հակասող պայմանները, այլև արու առանձնյակներից մեկի սարսափելի վիճակում գտնվող ատամները, ինչը միանշանակ խանգարում է կենդանուն բավարարել նորմալ սնվելու իր կենսական անհրաժեշտությունը։ Բոլոր երեք առանձնյակները և հատկապես՝ փտած ատամներով արու արջը, ունեն մասնագիտական խնամքի և հոգատարության կարիք։ Խնդիրը նաև դարձել է միջազգային հասարակության և մամուլի քննարկման առարկա՝ ևս մեկ անգամ ի ցույց դնելով Հայաստանում կենդանիների նկատմամբ դրսևորվող վերաբերմունքը և երկրի մասին ձևավորելով բացասական կարծիք։ Հայտնենք նաև, որ արդեն մի քանի անգամ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) ջանքերով Հայաստան է ժամանել միջազգային կենդանաբույժների խումբ, որն իրականացրել է մի շարք դժվարին վիրահատություններ՝ փորձելով բուժել նմանատիպ վիճակում գտնվող կենդանիների ատամները։

Ուսումնասիրելով նաև առկա հանրային տեղեկատվությունը՝ պարզ է դառնում, որ նշված հաստատությունում կարմիրգրքյան կենդանիները պահվում են «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածների խախտմամբ։ «Resort MJA»-ում նման պայմաններում զույգավորում են քույր և եղբայր արջերին, ինչը ներազգակցական խաչասերում է /իմբրիդինգ/ և անթույլատրելի երևույթ է, իսկ ծնված ձագերին բաց են թողնում մոտակա անտառում։ Հայտնի փաստ է, որ անազատ պայմաններում ծնված կենդանիները չեն կարող ինքնուրույն գոյատևել վայրի բնության մեջ կամ կարող են մոտենալ բնակավայրերին և մարդկանց, ինչը մեծ ռիսկեր է պարունակում։

Աղբյուր՝ aravot.am

16:00 10.07.2020

Ամենաշատ ընթերցվածները