ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

2100 թվականին աշխարհի բնակչությունը ՄԱԿ-ի կանխատեսման համեմատ կնվազի 2 միլիարդով․ հետազոտություն
20:00 15.07.2020

2100 թվականին աշխարհի բնակչությունը ՄԱԿ-ի կանխատեսման համեմատ կնվազի 2 միլիարդով․ հետազոտություն

Երկրի բնակչությունն XXI դարի կեսին կհասնի իր գագաթնակետին՝ 9․73 միլիարդ մարդու, ապա կսկսվի անկման կայուն ընթացქը, այնպես որ 2100 թվականին այդ ցուցանիշը 8․79 միլիարդ կկազմի: Այս մասին նշվում է  Սիեթլի Վաշինգտոնի համալսարանի բժշկության դպրոցին առընթեր Առողջության ցուցանիշների եւ գնահատման ինստիտուտի գիտնականների հոդվածում, փոխանցում է ՏԱՍՍ՝ վկայակոչելով The Lancet-ը: ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ 2100 թվականին աշխարհի բնակչությունը պետք է մոտ 11 միլիարդ մարդ կազմի:

Հետազոտության հեղինակները կանխատեսում են, որ աշխարհի բնակչության թվի գագաթնակետը կլինի 2064 թվականին, երբ մոլորակի վրա մոտ 9․73 միլիարդ մարդ կլինի: Ապա կսկսվի աստիճանական անկումը, որը մշտական բնույթ կկրի: Արդյունքում, 2100 թվականին Երկրի վրա մոտ 8․79 միլիարդ մարդ կլինի: Այժմ աշխարհում ապրում է շուրջ 7․59 միլիարդ մարդ:

Ըստ գիտնականների՝ այդպիսի լայնածավալ ժողովրդագրական փոփոխությունների հիմնական պատճառները կլինեն կրթության տարածումը, հատկապես՝ կանանց շրջանում, եւ ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցների ավելի լայն օգտագործումն Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում եւ ասիական որոշ երկրներում: Հենց դրանք են դեռ մնում ժողովրդագրական աճի առաջատարները: Արդյունքում, ծնելիության միջին մակարդակը կնվազի մինչեւ 1․7 երեխա յուրաքանչյուր կնոջ հաշվով, ինչը բավարար չէ նույնիսկ ծնողների մահից հետո նրանց «փոխարինելու» համար:

Սակայն որոշ երկրներում, կրկին՝ առաջին հերթին Աֆրիկայում, Միջին Արեւելքում եւ Ասիայում, ծնելիության մակարդակը 2.0 ցուցանիշից բարձր կմնա: Այս տարածաշրջանները միգրանտների պոտենցիալ աղբյուրներ կդառնան, որոնց հաշվին Եվրոպան եւ Ամերիկան կկարողանան փոխհատուցել իրենց կորուստներն այս առումով: Միգրացիոն օրենսդրության ազատականացումը, ինչպես նաեւ աշխատող կանանց սոցիալական աջակցության միջոցառումներն ուսումնասիրության հեղինակների կողմից առաջարկվում են որպես հիմնական՝ բնակչության թիվը նույն մակարդակներում պահելու համար։

Միեւնույն ժամանակ, կավելանա կյանքի միջին տեւողությունը, որը մինչեւ 2100 թվականը կգերազանցի 74 տարին գրեթե ամբողջ աշխարհում: Հետեւանք կդառնա բնակչության ծերացումը եւ աշխատունակ մարդկանց մասնաբաժնի նվազումը: Մինչեւ 2100 թվականը 65 տարեկանից բարձր մարդկանց թիվը 2․37 միլիարդ մարդ կկազմի, իսկ 20 տարեկանից ցածրներինը՝ 1․7 միլիարդ մարդ։

Հոդվածում հատկապես մռայլ կանխատեսումներ են ժողովրդագրական ներկայիս առաջատարների համար: Այդպես, հետազոտությունը ենթադրում է, որ Չինաստանի բնակչությունը մինչեւ դարի կեսը կհասնի մոտ 1․5 միլիարդ մարդու, բայց հետո կնվազի այս գագաթնակետային մակարդակի մոտ 48․9 տոկոսով: Հնդկաստանի բնակչությունը նույնպես կհասնի 1․6 միլիարդ մարդու, այնուհետեւ կնվազի 38 տոկոսով: Գագաթնակետային մակարդակից մինչեւ 50 տոկոսով կրճատում կլինի նաեւ Իտալիայում, Իսպանիայում, Ճապոնիայում եւ Թաիլանդում: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ի բնակչությունը գագաթնակետից կիջնի ընդամենը 10 տոկոսով՝ հասնելով մոտ 350 միլիոն մարդու մակարդակի, ինչը նրանց առաջատար կդարձնի աշխատունակ տարիքի մարդկանց թվաքանակի առումով:

Այնուամենայնիվ, ուսումնասիրության հեղինակները խոստովանում են, որ նույնիսկ իրենց կողմից օգտագործված մեթոդաբանությունը տարբեր սցենարներում ցուցիչների շատ էական տարբերություն է ենթադրում: Վերոնշյալ թվերը վերաբերում են բազային կանխատեսմանը: Ընդ որում, ամենալավատեսականը ենթադրում է, որ մինչեւ 2100 թվականը Երկրի վրա ապրելու է 13․6 միլիարդ մարդ (ինչը 2․6 միլիարդով ավել է, քան ՄԱԿ-ի կանխատեսումը եւ գրեթե կրկնակի ավել է, քան հիմա), իսկ բացասականի համաձայն բնակչությունը կնվազի մինչեւ 63 միլիարդ մարդ, այսինքն ՝ նույնիսկ ավելի քիչ կլինի, քան հիմա:

Աղբյուրը՝ NEWS.am

20:00 15.07.2020