ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ալիևը ՀՀ իշխանություններին ասում է․ «Դե փորձեք ճանաչել «ԼՂՀ» անկախությունը»
19:00 31.07.2020

Ալիևը ՀՀ իշխանություններին ասում է․ «Դե փորձեք ճանաչել «ԼՂՀ» անկախությունը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր կենտրոնի բացման ժամանակ ասել է, որ  իրեն տեղեկացրել են Հայաստանի վարչապետի կողմից Ադրբեջանին ներկայացված 7 պայմանների մասին ու նշել, որ  «ցանկացած ողջամիտ մարդ հասկանում է, որ այդ պայմաններից ոչ մեկը ընդունելի չէ»: Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Պայմաններից մեկն այն է, որ Ադրբեջանը բանակցություններ վարի անջատողական Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Անհնար է: Մենք դա բազմիցս ասել ենք: Որովհետև չկա «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»: Ոչ ոք չի ճանաչում այդպիսի «հանրապետություն»: Եթե Հայաստանը բավականաչափ քաջություն ունի, թող ճանաչի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»: Ես ասում եմ, Հայաստանի իշխանություններ, ճանաչեք այն, այսօր, եթե չեք ճանաչում, ուրեմն վախենում եք»,- ասել է Ալիևն ու հավելել, թե «քրեական հանցավոր ռեժիմի հետ բանակցություններ չեն լինի»:

Ալիևն ասում է, որ այս պայմանին են նման նաև մյուս պայմաններն ու անընդունելի պայմաններ առաջադրելով՝ Հայաստանը ոչնչացնում է բանակցային գործընթացը և ցանկանում է փոխել բանակցությունների ձևաչափը, քանի որ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի միջև:

«Սա Մինսկի խմբի և նրա համանախագահների բացահայտ դիրքորոշումն է: Այս դիրքորոշումը բազմիցս հասցվել է նրանց ինչպես պաշտոնապես, այնպես էլ փակ դռների հետևում: Բայց դրանց տեսեք, նրանք կրկին առաջ են քաշում այս պայմանը, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» հետ: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» գոյություն չունի: Թող հայ ժողովուրդը չզբաղվի ինքնախաբեությամբ: Մենք մերժում ենք նաև մյուս պայմաններն ու թուղթը նետում աղբարկղը», - ասել է Ալիևը:

Ալիևն ասում է, թե հայերը պետք է հասկանան, որ խաղաղություն չի լինի, եթե հայկական զինված ուժերը չլքեն ադրբեջանական հողերը:

«ՀՀ վարչապետն ասում է, որ «Լեռնային Ղարաբաղը Հայաստանն է»: Ինչպիսի՞ բանակցությունների մասին կարող ենք խոսել դրանից հետո: Բանակցությունների հիմնական էությունը գրավյալ տարածքների ազատագրումն է: Մենք պետք է բանակցենք սրա շուրջ: Մենք երբեք բանակցություններ չենք վարել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը» անկախություն տրամադրելու վերաբերյալ: Երբեք: Այն երբեք չի բանակցվել: Ես ընդհանրապես չեմ խոսել և չեմ մտածում այդ մասին խոսել: Մենք բանակցություններ ենք վարում, թե երբ և ինչ հաջորդականությամբ կազատվեն գրավյալ տարածքները»,-ասել է Ալիևը։

Ալիևը նշել է, որ  ՀՀ վարչապետի պայմաններից առաջ մի պայման է դնում՝  «հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի բոլոր գրավյալ տարածքներից, պետք է վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանի քաղաքացիները պետք է վերադառնան իրենց հայրենի հողերը»:

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածության և ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը։

Աղբյուր` Panorama.am

 
 
19:00 31.07.2020