ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Լիբանանի ՆԳՆ. Բեյրութի նավահանգստում ամոնիումի նիտրատ է պայթել
12:00 05.08.2020

Լիբանանի ՆԳՆ. Բեյրութի նավահանգստում ամոնիումի նիտրատ է պայթել

Բեյրութի նավահանգստում պայթյունավտանգ ամոնիումի նիտրատ է պայթել: Այս մասին, ինչպես հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը, ասել է Լիբանանի ՆԳՆ ղեկավար Մուհամմադ Ֆահմին: Միեւնույն ժամանակ, իրավապահները Al Mayadeen հեռուստաընկերությանը հայտնել են, որ «պայթեցվել է պայթուցիկ նյութերի մաքսանենգ բեռը, որը 9 տարի առաջ առգրավվել է նավերից մեկից, որը այս բոլոր տարիներին պահվել է նավահանգստում գտնվող պահեստում՝ հետագա մշակման կամ ոչնչացման համար»: «Չորս ամիս առաջ զեկույց է պատրաստվել ծովային նավահանգստում այդպիսի պայթուցիկ նյութերի բեռը պահելու մեծ վտանգի մասին»,- ասել է նա: Ըստ որոշ տեղեկությունների, պահեստում տեղի է ունեցել կարճ միացում, որը հրդեհ է առաջացրել, դրա հետեւանքով էլ նիտրատը պայթել է: Մինչդեռ Լիբանանի մայրաքաղաքում հիվանդանոցները լեցուն են վիրավորներով:

Միայն մի հիվանդանոցին մեկ ժամից պակաս ժամանակահատվածում 300 վիրավոր է դիմել: Մարդկանց հորդորում են անհապաղ արյուն հանձնել: Բոլոր բժշկական անձնակազմերին կանչել են աշխատանքի: Ըստ առաջին տվյալների՝ զոհերի թիվը հասել է 30-ի, ոչ պաշտոնական տեղեկություններով՝ այդ թիվը շատ ավելի մեծ է։ Մարդիկ նավահանգստի տարածքում պայթյունի հետեւանքով ավերված շենքերի փլատակների տակ են, հայտնում է ՏԱՍՍ-ը: Վարչապետ Հասան Դիաբն ասել է, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը աղետ է Լիբանանի համար:

«Մեծ աղետ վրա հասավ Լիբանանին»,- ասել է նա: «Տեղի ունեցածը անպատիժ չի մնա, մեղավորներն ու պատասխանատուները կպատժվեն»: Նա կոչ է արել բոլոր բարեկամական եւ եղբայրական երկրներին աջակցել եւ օգնել Լիբանանին:
 
Աղբյուր՝ news.am
12:00 05.08.2020