ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կառավարությունը որոշել է փոփոխության ենթարկել Covid-19-ի հայտնաբերման մարտավարությունը
17:00 06.08.2020

Կառավարությունը որոշել է փոփոխության ենթարկել Covid-19-ի հայտնաբերման մարտավարությունը

ՀՀ կառավարությունը որոշել է փոփոխության ենթարկել Covid-19-ի հայտնաբերման մարտավարությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գործադիրի օգոստոսի 6-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ունենք որոշակի վստահություն, որ կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերելիությունը բարձրացել է: Եթե նախկինում նոր դրական դեպքերը հասնում էին օրվա հետազոտությունների 25-30%-ի մակարդակի, հիմա տատանվում են 15%-ի շրջանում: Հայտնաբերելիության էական աճ ունենք: Այսպիսիով, մարտավարության որոշակի փոփոխության հնարավորություն ենք ստացել: Եթե նախկինում հոսքերը մեծ էին, և մենք պասիվ սպասում էինք, որ մարդիկ գան, որպեսզի նմուշառում իրականացնենք, ապա հիմա Առողջապահության նախարարությունն ինքն ավելի նախաձեռնող կլինի և ռիսկային որոշակի տեղերում մենք սեփական նախաձեռնությամբ ախտորոշումներ կիրականացնենք»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ սա այն ձևը կլինի, որը հնարավորություն կտա հաղթահարել համաճարակը:

Հայաստանում օգոստոսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39819 դեպք, որոնցից 31556-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7263 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1588 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 171600 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 772 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 228 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հուլիսի 13-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հուլիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Աղբյուր՝ Արմենպրես

17:00 06.08.2020

Ամենաշատ ընթերցվածները