ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Աջակցության 23-րդ միջոցառում. ովքե՞ր կարող են օգտվել, որո՞նք են հիմնական պայմանները
16:00 13.08.2020

Աջակցության 23-րդ միջոցառում. ովքե՞ր կարող են օգտվել, որո՞նք են հիմնական պայմանները

«Առաջարկում ենք գործարկել աջակցության 23-րդ միջոցառումը»,- այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու 23-րդ միջոցառումը։

Նրա խոսքով, 23-րդ միջոցառումը վերաբերում է զբոսաշրջության ոլորտին և դրան առնչվող գործունեության մի քանի տեսակներով զբաղվող կազմակերպություններին։

Նախարարի խոսքով, կորոնավիրուսի տարածումը մեծ ազդեցություն է թողել զբոսաշրջության և դրան առնչվող ծառայությունների վրա։

«Վերջին ամիսներին այս ոլորտներից ստացված եկամուտը նախորդ տարվա համեմատ կրճատվել է ավելի քան երկու անգամ։ Նշված պատճառներով առաջացած ֆինանսական դժվարությունների արդյունքում կազմակերպությունները կանգնել են բիզնեսի շարունակականության ապահովման համար անհրաժեշտ ակտիվները պահպանելու զգալի խնդիրների առաջ։ Ոլորտի ներկայացուցիչների հետ մեր քննարկումներից պարզ է դարձել, որ այդ կազմակերպությունների համար ամենակարևոր խնդիրներից մեկն աշխատատեղերի պահման հետ կապված ֆինանսական դժվարությունները հաղթահարելու հարցն է»,- տեղեկացրեց նախարարը։

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այս աջակցության նպատակը նշված ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակազմի և աշխատատեղերի պահպանումն է, և այդ աշխատատեղերի ավելացման խթանումը։

Աջակցության շահառուների շրջանակը հետևյալն է՝

• Կացության կազմակերպում, որը ներառում է նաև առողջարանները,
• Հանրային սննդի կազմակերպում,
• Զբոսաշրջային կազմակերպություններ և օպերատորներ, և զբոսաշրջային այլ ծառայություններ։

Նախատեսվում է, որ աջակցությունից կօգտվեն բոլոր այն կազմակերպությունները, որոնք ունեն առնվազն երեք աշխատակից և ստեղծվել են ոչ ուշ, քան 2020 թվականի մարտի 31-ը։ Եթե կազմակերպությունը միաժամանակ զբաղվում է գործունեության մի քանի տեսակներով, ապա կարող է դառնալ միջոցառման շահառու, եթե եկամուտների կեսից ավելին ստացվել է թվարկված ոլորտներում գործունեությունից։

Աջակցության չափը կհաշվարկվի եկամուտների համամասնությամբ՝ այդ գործակիցը կիրառելով աշխատավարձի ֆոնդի նկատմամբ, որպեսզի ստացվի աշխատակիցների այն մասի վճարաչափը, որ հենց տուժած ոլորտներում է աշխատում։

«Աջակցության տևողությունը 2020 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի մարտ ամիսն է։ Եթե ոլորտային շրջանառություններն ավելի շուտ վերականգնվեն, և առաջիկա եռամսյակի տվյալները նախորդ տարվա նույն եռամսյակի արդյունքների 75%-ին համարժեք լինեն, ապա աջակցության տրամադրումը կդադարեցվի։
Այս միջոցառմամբ սուբսիդավորվելու է ամեն 3-րդ կամ 4-րդ աշխատակցի աշխատավարձը։

Ավելի մեծ չափով աջակցություն կստանան այն կազմակերպությունները, որոնք չնայած եկամուտների կրճատման, աջակցության ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ պահպանած են եղել իրենց աշխատակիցների և աշխատողների ոչ պակաս, քան 75%-ը»,- տեղեկացրեց Տիգրան Խաչատրյանը։

Նա նշեց, որ աջակցությունը չի տրամադրվի այն կազմակերպություններին, որոնք 2019 թվականին, Կառավարության որոշմամբ ԱԱՀ-ի 50 մլն դրամը գերազանցող գերավճարների վերադարձ են ունեցել, սակայն կրճատել են աշխատակազմի կեսից ավելին.

«Եթե կազմակերպությունը կատարել է հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման խախտում, և այդ արձանագրված ակտը դարձել է անբողոքարկելի, ապա այդ ամսվանից և հետագա ամիսների համար կազմակերպությունը կդադարի օգտվել աջակցության ծրագրից»։

Նշենք, որ աջակցությունը նախատեսվում է տրամադրել ամսական պարբերականությամբ՝ յուրաքանչյուր ամսվա եկամտային հարկի հաշվարկները ՊԵԿ ներկայացվելուց հետո՝ նույն միջոցառմամբ սահմանված կարգով։

Աղբյուր` Panorama.am

 
 
16:00 13.08.2020