ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 60%-ով
17:00 16.08.2020

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 60%-ով

2020 թվականի հունվար-հունիսին Հայաստան է  ժամանել 311 հազար 264 զբոսաշրջիկ, ինչը 2019թ-ի նույն ժամանակի համեմատ նվազել է շուրջ 60%-ով: Նման տվյալներ է հրապարակել ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Նշենք, որ 2019 թ-ի հունվար-հունիսին  Հայաստան է այցելել 770 055 զբոսաշրջիկ:

Կոմիտեի փոխանցմամբ, 2020թ. ապրիլ-հունիսին ՀՀ սահմանային անցման կետերում ՀՀ ազգային անվտանգության ծառայության ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգով արձանագրված ժամանողները և մեկնողները չեն կարող որակվել որպես զբոսաշրջիկ, քանզի ըստ ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի № 298-Ն որոշման (ինչպես նաև մինչ այդ ընդունված՝ ՀՀ կառավարության 2020թ. մարտի 13-ի «Վրաստանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին» № 280-Ն որոշմամբ) հավելվածի 2-րդ կետի, անցակետով թույլատրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող նրանց ընտանիքի անդամների, Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք:

Անցակետով արգելվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածք են մուտք գործում պարետի որոշմամբ սահմանված համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների (տարածքների) ցանկում ներառված երկրներից (տարածքներից) կամ մուտք գործելիս նախորդող տասնչորս օրվա ընթացքում գտնվել են այդ երկրներում (տարածքներում), բացառությամբ՝

1) դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և նրանց ընտանիքների անդամների.

2) այն դեպքերի, երբ պարետի որոշմամբ, հաշվի առնելով այդ երկրներում (տարածքներում) համաճարակային իրադրության իրավիճակը, թույլատրվում է սույն կետով նախատեսված երկրների (տարածքների) ցանկում ներառված երկրներից (տարածքներից) անձանց մուտք գործելը.

3) պարետի որոշմամբ այլ դեպքերի:

Հարկ է նշել նաև, որ ՀՀ կառավարության և Պարետի վերը հիշատակված որոշումներով նշված անձինք հիմնականում ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցողներն են, ՀՀ քաղաքացիների ՀՀ քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամները, դիվանագետները, բեռնափոխադրող վարորդները, գնացքավարները, նրանց օգնականները, օդանավերի անձնակազմերը:

Աղբյուր` Panorama.am

 
 
17:00 16.08.2020

Ամենաշատ ընթերցվածները