ԱՎԵԼԻՆ

Արցախ

Արցախ մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները հանվում են
17:00 08.09.2020

Արցախ մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները հանվում են

Արցախի Հանրապետության պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ստորագրել է նոր որոշումներ, համաձայն որոնց հանրապետություն մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները հանվում են: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի տեղեկատվական շտաբից։ 

Արցախից ելք կատարելու համար պարետի թույտվությունն անհրաժեշտ չէ, վերացվում է նաև հանրապետություն մուտք գործելու համար որպես պարտադիր պայման կիրառվող ՊՇՌ թեստի պահանջը: Սակայն, սահմանային հսկիչ անցագրային կետերում ծառայություն իրականացնող բուժանձնակազմը յուրաքանչյուր քաղաքացու տեղում ջերմաչափելու է և իրականացնելու է արտաքին զննություն:

«Ելքի և մուտքի սահմանափակումների հանման պատճառը վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում արձանագրված կորոնավիրուսային հիվանդացության կտրուկ անկումն է և դրա հետևանքով ռիսկերի նվազումը: Ելքի և մուտքի սահմանափակումների հանմանը զուգահեռ ուժեղացվելու են հանրապետությունում հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները»,- նշել է ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը՝ կոչ անելով ցուցաբերել առավելագույն զգոնություն և խստագույնս հետևել համավարակի կասեցման համար սահմանված կանոններին:

Հայաստանում սեպտեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44953 դեպք, որոնցից 40592-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3182 պացիենտ:
Արցախում սեպտեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 316 դեպք, որից 277-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 37 մարդ։

Աղբյուրը՝ «Արմենպրես»

17:00 08.09.2020

Ամենաշատ ընթերցվածները