ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ինչպե՞ս է տիեզերքում մնալն ազդում տիեզերագնացների առողջության վրա
18:00 11.09.2020

Ինչպե՞ս է տիեզերքում մնալն ազդում տիեզերագնացների առողջության վրա

Իտալիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից եւ Բրազիլիայից գիտնականների խումբը ուսումնասիրել է երկար ժամանակ անկշռելիության պայմաններում մնացած տիեզերագնացների աղիքային միկրոֆլորայի վերաբերյալ տվյալները։ Պարզվում է՝ երկար ժամանակ տիեզերքում մնալն իսկապես բացասաբար է անդրադառնում մարդկանց առողջական վիճակի վրա։

Երկար ժամանակ տիեզերքում մնալը ձգողականության բացակայության պատճառով բացասաբար է անդրադառնում մարդու առողջության վրա․ փոխվում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը, վատթարանում է նյութափոխանակությունը, նվազում ոսկորների ամրությունը, թուլանում են մկանները, տուժում են նաեւ իմունիտետը, հոգեվիճակը, կոգնիտիվ ֆունկցիաները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մկանների տոնուսի նվազումը եւ հեղուկի դուրսբերումը տիեզերագնացների մոտ սրտխառնոց է առաջացնում եւ ճնշում ախորժակը, իսկ տիեզերքում նրանց հասանելի սննդակարգը փոխում է աղիների միկրոֆլորան, ինչը մեծացնում է աղեստամոքսային ինֆեկցիաների եւ բորբոքումների զարգացման, նյութափոխանակության խափանումների եւ նույնիսկ ինսուլինի հանդեպ զգայունության նվազման հավանականությունը։ Այսպիսի փոփոխությունները հատկանշական են ՄՏԿ-ի բոլոր բնակիչների համար։

Գիտնականների կարծիքով՝ միկրոֆլորայի մոդիֆիկացիաները կարող են տիեզերագնացներին եւ տիեզերական զբոսաշրջիկներին պաշտպանել թռիչքների բացասական հետեւանքներից։ Մասնագետները խորհուրդ են տալիս տիեզերագնացների սննդակարգի մեջ ներառել հավասարակշռված ճաշատեսակներ՝ բջջանյութի մեծ քանակությամբ, ինչպես նաեւ բակտերիաներով հատուկ հավելումներ, որոնք արտադրում են իմունախթանող եւ աղիների առողջության համար օգտակար նյութեր։ Նրանք նաեւ խորհուրդ են տալիս տիեզերագնացներին տալ ոսկրերի առողջությունը պահպանող նյութեր։ Գիտնականներն, իհարկե, առայժմ չգիտեն՝ ավելի ճիշտ է մշակել ունիվերսալ բակտերիային հավելումներ բոլորի՞ համար, թե՞ յուրաքանչյուր տիեզերագնացի համար անհատական մոտեցում գտնել։

Աղբյուրը՝ NEWS.am

18:00 11.09.2020

Ամենաշատ ընթերցվածները