ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանում հայտարարված չորսամսյա կարանտինի ընթացքում ՊՆ զորամասերում արգելվում են տեսակցությունները
14:00 12.09.2020

Հայաստանում հայտարարված չորսամսյա կարանտինի ընթացքում ՊՆ զորամասերում արգելվում են տեսակցությունները

Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված 2020 թվականի սեպտեմբերի 11-ից 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինի ընթացքում Պաշտպանության նախարարության զորամասերում արգելվում են տեսակցությունները՝ բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի: Այս մասին նշվում է ՀՀ կառավարության համապատասխան որոշման հավելվածում: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում արգելվում են շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակումները և արձակուրդները (բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիմքով նախատեսված ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքերի)»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշվում է հավելվածում:

Առանձին հաստատություններում կիրառվող սահմանափակումների առնչությամբ սահմանվում է նաև, որ քրեակատարողական հիմնարկներում երկարաժամկետ տեսակցությունները թույլատրվում են բացառապես քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսային  հիվանդության (COVID-19) գործող դեպքերի բացակայության և տեսակցողի՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում (վերջին 72 ժամ վաղեմությամբ): Երկարատև խնամքի ծառայություններ մատուցող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում տեսակցություններ թույլատրվում են բացառապես կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) գործող դեպքերի բացակայության և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման դեպքում:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

14:00 12.09.2020