ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Վարչապետը Խնձորեսկում մասնակցել է Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներին և ծանոթացել Հին Գորիսի վերականգնման աշխատանքներին
15:00 13.09.2020

Վարչապետը Խնձորեսկում մասնակցել է Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներին և ծանոթացել Հին Գորիսի վերականգնման աշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Սյունիքի մարզ և Խնձորեսկում մասնակցել Սպարապետի օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին։ Վարչապետին ուղեկցել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, ԱԺ պատգամավորներ:

Նիկոլ Փաշինյանը նախ այցելել է Մխիթար Սպարապետի գերեզման` ծաղիկներ խոնարհել Սպարապետի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին։ Այնուհետև տեղի է ունեցել առանձին զրահատանկային գումարտակի 15 զինծառայողի զինվորական երդման արարողություն, ընթերցվել է Սպարապետի խոսքը, հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։

«Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զինծառայողներ, շնորհավորում եմ ձեզ զինվորական երդումն ընդունելու կապակցությամբ», - ողջույնի խոսքում նշել է վարչապետը, ապա անհատապես շնորհավորել զինծառայողներին։

Նիկոլ Փաշինյանը քայլել է Խնձորեսկի ճոճվող կամուրջով և դիտել կամուրջի հարակից տարածքում Սպարապետի օրվա առթիվ պատրաստված երաժշտական ցուցադրական ելույթները։

Վարչապետն այնուհետև այցելել է Խնձորեսկի վարչական շենքի հարակից տարածք, որտեղ նրան ջերմ ծափողջույններով դիմավորել են խնձորեսկցիները։ Վարչապետը և բարձրաստիճան հյուրերը ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշակողթողներին, այնուհետև ներկայացվել են ցուցադրական ելույթներ: Վարչապետը զրուցել է բնակիչների հետ, շնորհավորել նրանց Սպարապետի օրվա առթիվ։

Կառավարության ղեկավարը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է նաև Գորիս` ծանոթացել քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես, Հին Գորիսի վերականգնման ընթացքին:

Դիտակետին հարակից տարածքը նախկինում եղել է շինարարական աղբավայր. վերակառուցվելուց հետո այն հավակնում է դառնալ քաղաքի գրավիչ վայրերից մեկը: Դիտակետից բացվում է «ժայռերի քաղաք» Հին Գորիսի տեսարանը:

Վարչապետը շրջել է նաև Հին Գորիս պատմամշակութային կենտրոնով` ծանոթացել այստեղ իրականացվող վերականգնման աշխատանքների ընթացքին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է իրականացվող ծրագրերը, որոնք նոր ազդակ կհաղորդեն Գորիսում զբոսաշրջության զարգացմանն ու քաղաքի գրավչության բարձրացմանը:

15:00 13.09.2020

Ամենաշատ ընթերցվածները