ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Շվեդիան կարող է գրեթե ամբողջությամբ հրաժարվել կանխիկ դրամից կորոնավիրուսի պատճառով
12:00 14.09.2020

Շվեդիան կարող է գրեթե ամբողջությամբ հրաժարվել կանխիկ դրամից կորոնավիրուսի պատճառով

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Շվեդիան կարող է գրեթե ամբողջությամբ հրաժարվել կանխիկ գումարի շրջանառությունից, գրում է Bloomberg-ը: Գործակալությունը նախազգուշացնում է, որ այսպիսի փոփոխությունները կապված են բազմաթիվ «թաքնված ռիսկերի» հետ:

Շվեդիան արդեն շրջանառության մեջ եղած կանխիկ դրամի ամենացածր ցուցանիշն է գրանցել աշխարհում, նշում է Bloomberg-ը` վկայակոչելով Միջազգային հաշվարկների բանկի 2018 թվականի տվյալները (ամենաթարմը` վերջիններից): Այդ ժամանակ կանխիկ դրամը կազմում էր երկրի ՀՆԱ-ի 1.3 տոկոս ը: Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում այդ ցուցանիշն այն ժամանակ 8.2 տոկոս էր, իսկ եվրոգոտում` 10.9 տոկոս:

Որոշ երիտասարդ շվեդներ արդեն չեն պատկերացնում, թե ինչպիսի տեսք ունի կանխիկ դրամը, վերջերս ասել էր Շվեդիայի Կենտրոնական բանկի ղեկավար Ստեֆան Ինգվեսը: Եվ չնայած թվային գործարքներին անցնելը շատ առավելություններ ունի, կարող են առաջանալ նաեւ խնդիրներ, նշում է Bloomberg-ը: Գործակալությունը հարց է հնչեցնում, թե ինչ կարող է լինել, եթե թվային ցանցերը խափանվեն, եւ կուտակված կանխիկ գումարը բավարար չլինի հին համակարգին վերադառնալու համար: Այն նաեւ ուշադրություն է հրավիրում կիբերհարձակումների ռիսկի վրա: Այդպիսի իրադարձությունները կարող են «շատ ավելի մեծ վնաս» հասցնել, քան բանկերի հնաոճ կողոպուտները, հաղորդում է Forbes-ը: https://www.forbes.ru/

Ինքը` Ինգվեսը եւս խոսում է այն մասին, որ Շվեդիային կանխիկի պահուստ է անհրաժեշտ, եթե «լույսերը մարեն»: Ընդ որում, երկիրը փորձում է լուծել համավարակի պայմաններում դրանց պակասուրդի խնդիրը, որի պատճառով մարդիկ փողի հետ կապն ընկալում են որպես ռիսկ առողջության համար, ընդգծում է Bloomberg-ը: Արդյունքում, կանխիկ դրամն այժմ ավելի տարածված է, քան երբեւէ, եւ երկրի բնակիչները, հակառակը, նախընտրում են առավելագույնս օգտվել անշփում վճարումներից: Klarna շվեդական առցանց բանկը նշում է, որ համավարակից առաջ իր հաճախորդները 63 տոկոսի դեպքում անշփում վճարների տարբերակն էին օգտագործում, իսկ այժմ այդ ցուցանիշը հասել է 73 տոկոսի: «Մարդիկ չեն ցանկանում դիպչել մետաղադրամներին կամ թղթադրամներին»,- Bloomberg-ին ասել է Klarna բանկի սպառողական հարցերի մենեջեր Վիվեկա Սոդերբաքը: Ըստ նրա` մարդիկ չեն ցանկանում նաեւ «սեղմել կոճակները», եւ կորոնավիրուսը միայն «կուժեղացնի այս միտումը»:

Զուգահեռ իր դիրքերը զիջում է նաեւ կանխիկի համար «վերջին բաստիոններից» մեկը, գրում է Bloomberg-ը: Խոսքը գրպանի փողերի մասին է, որոնք երեխաները ստանում են իրենց ծնողներից: Sifo-ի հունիսյան հարցման համաձայն` շվեդ երեխաների միայն 16 տոկոսն է պարբերաբար այդպիսի կանխիկ գումար ստանում: Իր հերթին, Շվեդիայի ամենամեծ Svenska Handelsbanken բանկն արդեն թվային խնայատուփ է առաջարկում, որի օգնությամբ երեխաները կարող են կառավարել իրենց ֆինանսները սմարթֆոնի միջոցով:

Աղբյուր՝ news.am

12:00 14.09.2020

Ամենաշատ ընթերցվածները