ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Չափահաս ամերիկացիների կեսից ավելին տեղյակ չէ, որ Հոլոքոստի զոհ է դարձել 6 միլիոն հրեա․ սոցհարցում
20:00 16.09.2020

Չափահաս ամերիկացիների կեսից ավելին տեղյակ չէ, որ Հոլոքոստի զոհ է դարձել 6 միլիոն հրեա․ սոցհարցում

Չափահաս ամերիկացիների գրեթե 2/3-րդը տեղյակ չէ, որ Հոլոքոստի զոհ է դարձել 6 միլիոն հրեա: Այս են վկայում ԱՄՆ-ում անցկացված նոր սոցհարցման արդյունքները, որոնք բացահայտում են 20-րդ դարի մեծագույն հանցագործությունից մեկի վերաբերյալ անիրազեկության ցնցող մակարդակը, գրում է The Guardian-ը։

Ըստ ուսումնասիրության՝ 18-39 տարեկան չափահաս ամերիկացիների գրեթե կեսը (48%) չի կարողացել նշել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ստեղծված որևէ համակենտրոնացման ճամբարի անուն։

Հարցվածների գրեթե մեկ քառորդը (23%) հայտարարել է, որ Հոլոքոստն առասպել է համարում կամ որ այն չափազանցված է ներկայացվում: Յուրաքանչյուր ութերորդ (12%) հարցվածը նշել է, որ չի լսել Հոլոքոստի մասին։

Հարցվածների 63 տոկոսը գաղափար չի ունեցել, որ 6 միլիոն հրեա է սպանվել Հոլոքոստի ժամանակ, և ավելի քան յուրաքանչյուր երրորդը (36%) կարծում է, որ 2 միլիոն կամ ավելի քիչ մարդ է զոհվել։

«Արդյունքները միաժամանակ ցնցող են և չափազանց տխուր»,- ասել է հարցման կազմակերպիչներից մեկը՝ նշելով, որ արդյունքները վկայում են՝ չափազանց կարևոր է, որ Հոլոքոստը վերապրած մարդիկ բարձրաձայնեն իրենց պատմությունները։

Հոլոքոստը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված ցեղասպանությունը, տեղի է ունեցել 1941 թվականից մինչև 1945 թվականն ընկած ժամանակահատվածում, որի ժամանակ նացիստական Գերմանիայի և իր դաշնակիցների կողմից համակարգված կերպով ոչնչացվել է շուրջ վեց միլիոն եվրոպացի հրեա։

Աղբյուր՝ tert.am

20:00 16.09.2020

Ամենաշատ ընթերցվածները