ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՀ-ում Պաղեստինի բնակչի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
19:00 17.09.2020

ՀՀ-ում Պաղեստինի բնակչի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտնել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով Պաղեստինի բնակչի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը.

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Պաղեստինի բնակիչ ՝ ազգությամբ արաբ Իբաիդա Ա.Ա. Նասսարի կողմից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Իբաիդա Ա.Ա. Նասսարը, 2019թ. հունիսից մինչև հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում իրեն ներկայացնելով որպես գործարար և ֆինանսապես ապահովված անձ, սիրիահայ, Երևան քաղաքի բնակիչ Շահե Պահարյանին հավաստիացրել է, որ եթե վերջինիս մտերիմ եզդիները վաճառեն իրենց պատկանող գառներն ու ոչխարները, և վաճառքից ստացված գումարները փոխանցվի իրեն, ապա կարող է Ռումինիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներկրել 15.000 գլուխ գառ և ոչխար: Նա նաև վստահեցրել է, որ Բելառուսի Հանրապետության բանկերից մեկում ունի 3.000.000 ԱՄՆ դոլար, որի վրա դրված է արգելանք և վաճառված գառների գումարով կարող է նշված գումարը հանել արգելանքից և այն ներդնել ՀՀ-ում՝ գառների առքուվաճառքի գործը կազմակերպելու համար:

Շահե Պահարյանի մտերիմ, քրեական գործով տուժող ճանաչված, ազգությամբ եզդի ծանոթները, վստահելով նրան, վերջինիս վաճառել են առանձնապես խոշոր չափերի արժողության գառ և ոչխար՝ 15 օրվա ընթացքում գումարը վճարելու պայմանով: Իր հերթին Շահե Պահարյանը կազմակերպել է վերը նշված գառների և ոչխարների մորթը Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում գործող սպանդանոցներում, միսը վաճառել և ստացված գումարներից 216.937.440 ՀՀ դրամին համարժեք 456.000 ԱՄՆ դոլարը 2019թ-ի հունիսից մինչև սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում մաս-մաս հանձնել Իբաիդա Ա.Ա. Նասսարին:

Նույն ժամանակահատվածում շարունակելով խարդախությամբ գումարներ հափշտակելուն ուղղված իր գործողությունները՝ Պաղեստինի բնակիչը, վերադարձնելու պատրվակով, տարբեր պատճառաբանություններով, Շահե Պահարյանին խնդրել և խաբեությամբ մաս-մաս ստացել է 33.301.800 ՀՀ դրամին համարժեք 70.000 ԱՄՆ դոլար, որից հետո՝ 2019թ. սեպտեմբերի 5-ին, մեկնել է Հայաստանի Հանրապետությունից: Շահե Պահարյանը, շարունակելով վստահել Իբաիդա Ա.Ա. Նասսարին, վերոնշյալ գառների և ոչխարների մսի վաճառքից ստացված մնացած գումարները՝ ընդհանուր 40.860.324 ՀՀ դրամին համարժեք 85.800 ԱՄՆ դոլար, մաս-մաս բանկային փոխանցման եղանակով փոխանցել է նրա կողմից տրամադրված հաշվեհամարներին: Արդյունքում, Իբաիդա Ա.Ա.Նասսարը խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 291.099.564 ՀՀ դրամին համարժեք 611.800 ԱՄՆ դոլար գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իբաիդա Ա.Ա. Նասսարը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Կատարվում են քննչական և դատավարական գործողություններ, ինչպես նաև ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Իբաիդա Ա.Ա. Նասսարին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուր՝ Արմենպրես

19:00 17.09.2020

Ամենաշատ ընթերցվածները