ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ինչ խնդիրներ կարող են ծագել սննդակարգում մսի անբավարարությունից
19:00 24.09.2020

Ինչ խնդիրներ կարող են ծագել սննդակարգում մսի անբավարարությունից

Մարդիկ, որոնց սննդակարգը հիմնականում բաղկացած է բուսական սննդից, կարող են յոդի եւ սելենի անբավարարություն ունենալ: Այս մասին հաղորդվում է ռուս գիտնականների ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է «Микроэлементы в медицине» ամսագրում:

Հեղինակների խոսքերով՝ թեեւ կալիում եւ մագնեզիում վեգաններն ու բուսակերները (ովքեր միս եւ ձուկ չեն ուտում) ավելի շատ են օգտագործում, քան մյուսները, բուսական դիետան կարող է նպաստել կալցիումի անբավարարությանը` այս տարրի վատ յուրացման պատճառով այնպիսի նյութերի առկայության դեպքում, ինչպիսիք են` թրթնջուկաթթուն եւ ֆիտինաթթուն: Ֆիտինաթթվի պատճառով վեգանները հաճախ ցինկի պակաս են ունենում:

Ինչ վերաբերում է օրգանիզմը էսենցիալ միկրո եւ ուլտրամիկրոտարրերով (յոդ, սելեն, կոբալտ, մոլիբդեն, քրոմ) ապահովելուն, այստեղ այլ գործոններ են դեր խաղում: Յոդի հիմնական աղբյուրները ծովամթերքներն են, այդ թվում՝ ծովային ջրիմուռները, որոնցում տարրի պարունակությունը կարող է զգալիորեն տատանվել: Յոդի դեֆիցիտը լրացնելու համար հաճախ օգտագործվում է յոդացված աղ:

Մի շարք ուսումնասիրություններ պարզել են, որ վեգանների մոտ յոդի պակաս կա՝ համեմատած բուսակերների եւ ամենակերների հետ, բայց վերջիններիս 91%-ը նույնպես յոդի պակաս ունի: Այլ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ այս տարրը պակասում է հենց վեգաններին եւ բուսակերներին:

Մթերքներում սելենի պարունակությունը կախված է այն երկրաքիմիական պայմաններից, որոնցում դրանք աճում են, այսինքն սելենի առկայությունից, որը հաանելի է բույսերին հողում: Եվրոպայում բուսակերների եւ վեգանների համար սելենով ապահովումը հասնում է ամենակերների 79,5%-ի: Տարբերությունը հատկապես նկատելի է դառնում սելենի պակաս ունեցող շրջաններում: Սակայն դեռ պարզ չէ՝ կարող է դա արդյոք անդրադառնալ մարդկանց առողջության վրա։

Բուսակերներն ու վեգանները չունեն քրոմի պակասի բարձր ռիսկ, իսկ կոբալտի եւ մոլիբդենի վերաբերյալ ներկայում տվյալներն անբավարար են՝ մարդկանց մոտ դրանց կարգավիճակը գնահատելու համար:

Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ յոդի եւ սելենի պակասը ազդում է մարդու օրգանիզմում նյութափոխանակության բազմաթիվ գործընթացների վրա եւ կարող է հանգեցնել տարբեր քրոնիկ հիվանդությունների:

Աղբյուրը՝ 

19:00 24.09.2020