ԱՎԵԼԻՆ

Հասարակական

The Economist. Հարուստ սիրիահայերը տեղափոխվեցին Հայաստան, տղաները նույնիսկ բանակ են գնում. ՀԺ
20:35 27.06.2017

The Economist. Հարուստ սիրիահայերը տեղափոխվեցին Հայաստան, տղաները նույնիսկ բանակ են գնում. ՀԺ

«Հայկական ժամանակ» օրաթերթը մեջբերում է The Economist-ի հրապարակած հոդվածը սիրիական պատերազմի և սիրիահայերի մասին, որում նշվում է՝ սիրիահայերը դեռ շարունակում են Հայաստան ժամանել, ոմանք էլ վերադարձել են Սիրիա: Հոդվածում մասնավորապես կարդում ենք. 

«2011թ., երբ Սիրիայում սկսվեց պատերազմը, երկրի քրիստոնյա հայկական փոքրամասնության հարուստ ընտանիքները տեղափոխվեցին Հայաստանի մայրաքաղաք և բնակարաններ վարձեցին Հյուսիսային պողոտայի շքեղ շենքերում: Նրանցից ոմանք ավելի ուշ պատմում էին, որ տպավորություն էր, թե արձակուրդում են: Կառավարությունը նրանց տեղեր տվեց դպրոցներում, սիրիահայ ուսուցիչները շարունակեցին դասավանդել սիրիական ուսումնական ծրագրով: Որոշ ժամանակ պահանջվեց, մինչև որ նրանք հասկացան, որ գուցե երբեք տուն չվերադառնան: 

Սիրիայում 6 տարվա քաղաքացիական պատերազմը 5 միլիոն մարդու փախստական դարձրեց: Պատերազմից առաջ Սիրիայում 90 հազար հայ էր ապրում, որից 2/3-ը՝ Հալեպում: Նրանցից շատերն այդտեղ էին հասել 1915թ. Օսմանյան կայսրությունում իրենց ընտանիքների կոտորածներից և էթնիկ զտումներից հետո: Հայաստանն ուրախ էր ընդունել սիրիահայերին, որոնցից մեծ մասը կրթություն և գործարարական հմտություններ ունեին: Իսկ սիրիահայերի համար Հայաստան հասնելը հայրենիքից մեկ դար հեռու ապրելու վերջն էր: 

61-ամյա գործարար Հրայր Ագուլյանն ամբողջ կյանքում Հալեպում կահույքի գործարանում էր աշխատել: Այն ավերվեց պատերազմի ժամանակ: Հիմա նա Երևանում է: «Դա տևեց հարյուր տարի: Հիմա արդեն վերջ: Մերձավոր Արևելքում քրիստոնյաների համար ապագա չկա»,- ասում է Ագուլյանը: 

Այժմ 30 հազարից ոչ ավելի սիրիահայեր են մնացել Սիրիայում: Շատերը շարժվել են Լիբանանի, Կանադայի, Թուրքիայի, Պարսից ծոցի և այլ ուղղություններով: 30 հազարից ավելին՝ դեպի հայրենիք (որոշներն այնտեղից են մեկնել այլ երկրներ): Հարուստ սիրիահայերն առաջինն են Հայաստան տեղափոխվել: Մյուսները փորձեցին սպասել Սիրիայում պատերազմի ավարտին և փախան միայն, երբ սպառեցին իրենց նյութական միջոցները: Նրանք Հայաստան ժամանեցին դատարկաձեռն: 

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ով ծնվել է Հալեպում, ասում է, որ շատ սիրիահայ փախստականներ փոքր բիզնես են սկսել: Սիրիայում հայերը հայտնի են որպես պրոֆեսիոնալ ոսկերիչներ, բժիշկներ, ինժեներներ, գործարարներ: Հայաստանցիները հիացած են նորեկների բացած ռեստորաններով, որոնք իրենց հետ Հայաստան բերեցին առատ համեմունքներով խոհանցը: 

Սիրիահայերի մեծամասնությունը Երևանում է հաստատվել: 30 ընտանիքներ՝ Լեռնային Ղարաբաղում: Սիրիական բանակում ծառայած որոշ երիտասարդներ կամավոր հայկական բանակում են ծառայում և Ադրբեջանի հետ հակամարտության գոտում են: Սակայն ավելի շատ երիտասարդ սիրիահայեր էլ խուսափում են Հայաստանի քաղաքացիություն ստանալ, քանի որ չեն ուզում ծառայել բանակում: 

ՀԲԸՄ Հայաստանի ղեկավար Վազգեն Յակուբյանը նշում է, որ սիրիահայերը դեռ շարունակում են Հայաստան ժամանել, որոշներն էլ վերադարձել են Սիրիա: Նրանք այդ քայլը հիմնավորում են՝ նշելով՝ վերադառնալն իրենց պարտքն էր, քանի որ հայկական սփյուռքը պետք է պահպանվի»:

Լուսանկարը՝ Newsarmenia.am-ի

20:35 27.06.2017

Ամենաշատ ընթերցվածները