ԱՎԵԼԻՆ

Բլոգ

Diplomat.am. Ինքնության դերը Վրաստանի արտաքին քաղաքական վարքի համատեքստում. Լենա Զաքարյան
20:55 29.06.2017

Diplomat.am. Ինքնության դերը Վրաստանի արտաքին քաղաքական վարքի համատեքստում. Լենա Զաքարյան

«Ցանկացած պետության արտաքին քաղաքականությունը որոշելիս հարկավոր է ուշադրություն դարձնել միջազգային հարաբերությունների հարթակում պետության դիրքավորմանը և միջազգային հիերարխիայի մեջ ունեցած իր ներուժին: Առանձնակի կարևորություն ունի պետության ընկալման աստիճանը, այսինքն՝ այդ դիրքավորման մեջ ինչպես է պետությունն իրեն ընկալում՝ ելնելով ոչ միայն իր ունեցած ռեսուրսների, հնարավորությունների քանակից և ծավալից, այլ նաև քաղաքական էլիտայի գաղափարախոսական հենքից և նույնականացման ընկալումներից»,- կարդում ենք Diplomat.am գիտավերլուծական կայքում: Ամբողջական հոդվածը ներկայացվում է ստորև: 

Ինքնության հիմնախնդիրները Վրաստանի արտաքին քաղաքականության ձևավորման մեջ

Ազգային ինքնությունը պայմանավորում է մարդկանց խմբեր, որոնք ունեն ընդհանուր պատմական անցյալի, արժեքների, մշակույթի, աշխարհայացքի և գաղափարների նույնական հիմք: Այն առավել հետաքրքիր կերպով արտահայտվում է փոքր պետությունների քաղաքական վարքագծում:

Փոքր պետությունների պարագայում, ինչպիսին է օրինակ Վրաստանը, առանձնացվում են մի շարք առանձնահատկություններ, օրինակ, ճկունությունը, ենթադաշնակցումը (bandwagoning), խոցելիությունը և այլն, որոնք և դառնում են փոքր պետությունների արտաքին քաղաքական վարքի և ինքնության ընտրության հնարավորությունները:

Հարավօսական, աբխազական հակամարտությունները, քաղաքական և տնտեսական, անվտանգային ճգնաժամերը, «Վարդերի հեղափոխությունը», ռուսական գործոնի հանդեպ ավելի զգայուն դառնալու հանգամանքը Վրաստանին ստիպեցին զարգացման այլըտրանքային ճանապարհ փնտրել՝ մասնավորապես եվրա-ատլանտյան ինտեգրում, որը մեծ մասամբ պայմանավորվեց Արևմուտքում կրթություն ստացած և արևմտյան համակարգերի արժեքները կրող անձնանց միջոցով: Արդյունքում Վրաստանի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությունը կապվեց վրացական ինքնության փոփոխությամբ:

Վրացական ինքնությունը շատ ժամանակ ներկայացվում է որպես բազմաշերտ ինքնություն՝ ելնելով իր քաղաքական պատմության առանձնահատկություններից: Պատմական զարգացման ընթացքում այն ենթարկվել է տրանսֆորմացիայի՝ ստանալով ռուսական տիկնիկի՝ մատրշյոկայի, ձևաչափ: 2012թ. Կովկասյան բարոմետրի ուսումնասիրության տվյալների համաձայն` վրաց ազգաբնակչությունն առանձնացնում է ինքնության՝ եվրոպացու, կովկասցու, հետխորհրդային տարածության և այլ էթնիկ խմբին պատկանելու շերտեր:

Այն պայմանավորվում է մի շարք գործոններով: Կառանձնացնենք երկուսը, որոնք Վրաստանի արտաքին քաղաքական վարքի ձևավորման գործում ունեն էական նշանակություն:

Այսպես՝ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում կրոնական գործոնը: Գաղտնիք չէ, որ, դեռևս միջին դարերից սկսած, վրաց ուղղափառ եկեղեցին ունեցել է մեծ ազդեցություն պետականաշինության և ազգակերտման գործում: Եկեղեցու դերի բարձրացումը պայմանավորվեց բյուզանդական, հունական եկեղեցու արժեքների հետ համաձուլվելով, իսկ այնուհետև ստացավ ռուսական հովանավորությունը:

Պետականության բացակայության պայմաններում եկեղեցին մշտապես կարողացել է իր ազդեցության լծակների շնորհիվ վերահսկել վրաց ժողովրդին: Այսօր եկեղեցակենտրոնությունը պայմանավորում է այնպիսի քաղաքականություն, որտեղ հասարակությունն ուղղակիորեն ունի վրաց եկեղեցու ազդեցությունը իր սոցիալ-հասարակական կյանքի կազմակերպման գործում: Հատկանշական է Վրաստանում եկեղեցու կողմից առաջ քաշված այն մոտեցումը, համաձայն որի՝ այն ընտանիքները, որոնք կունենան 3-րդ երեխան, վրաց եկեղեցու առաջնորդը կդառնա այդ 3-րդի կնքահայրը: Ստացվում է՝ եկեղեցին այսպես թե այնպես ոչ միայն իրեն մշտապես լեգիտիմացված է պահում հասարակության մեջ, այլ նաև առաջացնում է կախվածություն եկեղեցական ուժից: Այս հիմքով եկեղեցին իր կարևոր տեղն ունի Վրաստանի քաղաքական դաշտում. մասնավորապես իշխանությունների լեգիտիմացումը կապվում է կաթողիկոսի՝ համապատասխան ուժի նկատմամբ ունեցած դրական վերաբերմուքով:

Նշենք՝ 2017թ տվյալներ համաձայն վրաց բնակչության մոտ 90% իրեն նույնականացնում է վրաց եկեղեցու հետ:

Թերևս մյուսը մշակութային գործոնն է, որը պայմանավորում է հասարակության պատկերացումները՝ սկսած կենցաղային ապրելաոճից ընդհուպ քաղաքական մշակույթ: Կարևոր նշանակություն ունի աշխարհագրական դիրքը, որը ստեղծում է պետության մշակութային բազմաշերտությունը: Լինելով Արևելք-Արևմուտք կապվող հատվածում՝ Վրաստանը պատմության ընթացքում մշտապես գտնվել է արևելյան և արևմտյան, կովկասյան, մերձարևորարևելյան մշակույթների խաչմերուկում: Բնականաբար աշխարհընկալման ձևավորման հարցում մշակութային այս հարաբերություններն իրենց տեղն են գտել վրացական մշակութային կյանքում: Ուստի ինքնության բազմաշերտությունը գրեթե իդենտիկ է վրաց մշակութային բազմաշերտությանը:

Մշակութային առանձնահատկություն է համարվում նաև հանդուրժողականությունը: Որոշ հետազոտողների կարծիքով Թբիլիսին եղել է այն կենտրոնը, որտեղ տարբեր կրոնական և ազգային պատկանելիություն ունեցող ժողովուրդները համակցված ապրել են: Հետևաբար ինդիվիդուալիստական, հանդուրժողականության արժեքները բարձր են Վրաստանի մշակութային կյանքում:

Վերոնշյալ գործոնների հիմքով փորձենք զուգահեռներ տանել եվրոպական ինքնության հետ:

Նշենք, որ ներկայիս պատկերացումներով եվրոպական ինքնությունն ունի ավելի լայն և ընդգրկուն բովանդակություն: Այն պետք է դիտարկել երկու մակարդակներում՝

  1. եվրոպական ինքնությունը որպես պատմության, մշակույթի, արժեքների համագումար,
  2. եվրոպական ինքնությունը որպես քաղաքական ռեժիմի և դեմոկրատական ինստիտուտների տարբերակ:

Առաջինի դեպքում ուշադրություն դարձնելով պետությունների պատմության համանման զարգացմանը՝ մշակութային և աշխարհընկալման նույնականությանը, եվրոպական ինքնությունը ներկայացվում է որպես քաղաքակրթություն, որն ունի այլ քաղաքակրթություններից տարբերվելու հատկանիշներ: Այս համատեքստոմ Վրաստանը փորձում է իր մշակութային և կրոնական գործոնների հիմքով իրեն կապել Եվրոպայի հետ՝ համարելով իրեն եվրոպական քաղաքակրության մաս:

Երկրորդ մակարդակն ունի ավելի գլոբալ բովանդակություն: Գլոբալիզացվող աշխարհում դեմոկրատական ռեժիմները, ազատությունները, մարդու իրավունքները, իրավական պետական և կառավարական համակարգ ունենալը դարձել են բարձր նշաձող զարգացող պետությունների համար: Եվրոպան, լինելով այդ չափանիշների ապահովման գագաթին,  իդենտիֆիկացվում է այս ընկալման հետ:

Վրաստանի պարագայում կան որոշ հակադրություններ: Պետք է հասկանալ՝ արդյոք եվրոպական ինքնությունն ընդունվում է որպես ազգային ինքնություն, թե այն նպատակ է սպասարկելու պետական և ազգային շահերը: Առաջ է գալիս կառավարող էլիտաների նախընտրությունների շրջանակը, որը հստակ արտահայտվեց «Վարդերի հեղափոխությամբ», երբ նորընտիր նախագահ Մ. Սահակաշվիլին հայտարարեց Վրաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության՝ եվրա-ատալանտյան ինտեգրման մասին: Այն ամրագրվեց Վարաստանի ազգային անվտանգության հայեցակարգում և դարձավ ուղենիշ պետական կառավարման համար:

Վրաստանի հասարակության համար առաջ եկան «Ես վրացի եմ, հետևաբար ես եվրոպացի եմ» և «վերադառնում ենք Եվրոպա» թեզերը
    
Արևմուտք-ԽՍՀՄ հարաբերությունների ջերմացման ֆոնին ավտորիտար ռեժիմից լիբերալիզացման փորձերի արդյունքում Խորհրդային Միության տարածքում հետզհետե նկատվեցին կենտրոնին չենթարկվելու քայլեր, որոնք հանգեցրին ԽՍՀՄ փլուզմանը և միության 15 անդամ պետությունների անկախացմանը: Արդյունքում դեռևս ԽՍՀՄ գոյատևման վերջին տարիներին էթոնոքաղաքական կոնֆլիկտները ստացան նոր զարգացումներ, որոնք «զսպվել էին» Միության ձևավորմամբ:

Հակամարտությունների շարքը չշրջանցեց Վրաստանին, որն էական ազդեցություն ունեցավ արդեն անկախ Վրաստանի համար արտաքին քաղաքական վարքի ձևավորման հարցում:

Անկախությունից հետո Վրաստանի արտաքին միջավայրը բավական խոցելի էր, ինչպես շատ հետխորհրդային նորանկախ պետությունների մոտ: Վրաստանի արտաքին քաղաքական ուղղությունը հստակ չէր: Եվ եթե Ժ. Գամսախուրդիայի ժամանակաշրջանը փորձում են գնահատել որպես պրոարևմտյան քաղաքականություն, իսկ Շևարդնաձեի ժամանակաշրջանը՝ պրոռուսական, ապա մեր կարծիքով իրականում դրանք ամորֆ, ոչ հստակ սահմաններ ունեցող քաղաքականություններ էին՝ առանց հստակ ուղենիշների՝ թերևս պայմանավորված նորանկախ Վրաստանի արդյունավետ կառավարման, ինչպես նաև համապատասխան ինստիտուտների բացակայության պատճառով:

Միայն Վրաստանում 2003թ. «Վարդերի Հեղափոխությամբ» սկսվեց վրացական քաղաքականության փոփոխության նորագույն փուլը: Իշխանության եկավ Միխեիլ Սաակաշվիլին իր «Միացյալ Ազգային շարժում» կուսակցությամբ, որը Խորհրդարանում ստացավ ձայների մեծամասնությունը: Նոր ձևավորված էլիտայի առանցքային հիմնաքարը դարձավ Վրաստանի՝ եվրո-ատլանտյան կառույցների հետ ինտեգրացիոն գործընթացը:

Դա պայմանավորված էր մի քանի հանգամանքներով: Նախ Սաակաշվիլին Արևմուտքում կրթություն ստացած անձնավորություն էր, ով փորձեց ցանկացած կերպով արևմտյան մոդելը պրոյեկտել վրաց հասարակությունում: Երկրորդ՝ կառավարող էլիտայի կազմը կիսում էր նախագահի նախաձեռնությունները, երրորդ՝ վրաց հասարակության մոտ առկա հակառուսական տրամադրությունները, պայմանավորված աբխազական և հարավօսական գործոնով, եվրոպական ինքնությունը դարձավ այլընտրանքային ինքնություն հասարակության համար:

Եվրոպական արմատներ «հետ վերադառնալու» առաջին քայլը եղավ նախագահ Մ. Սաակաշվիլու երդմնակալության արարողության խոսքը, որտեղ Նախագահը հայտարարեց «Եվրոպա հետ վերադառնալու» մասին: Պետք է նշել, որ դեռևս 1999թ. Վրաստանի վարչապետ Զ. Ժվանիայի՝ Եվրոպայի Խորհրդում ելույթի ամենահայտնի՝ «Ես վրացի եմ, հետևաբար ես եվրոպացի եմ» նախադասությունը դարձավ Սաակաշվիլու կառավարման տարիների ուղենիշը:

Վրաստանը, ստեղծելով եվրոպական ինքնության հետ կապող օղակներ, իր առջև դրեց մի քանի նպատակներ: Նախ ապաինտեգրում հետխորհրդային տարածաշրջանից, այնուհետև դեմոկրատական ինստիտուտների ներդնում վրաց հասարակությունում և անվտանգության երաշխիքներ Եվրոպայից:

Ինչպես արդեն նշեցինք՝ Վրաստանի համար կար որոշակի տարբերակվածություն եվրոպական ինքնության հետ կապված: Փորձելով իրեն կապել Եվրոպայի հետ՝ վրացական էլիտան հիմնվեց երեք կարևոր դրդապատճառների վրա՝

  1. աշխարհագրական դիրքի,
  2. միջազգային անվտանգության և կայունության գործընթացների մասնակից լինելու հանգամանքի,
  3. «նվիրվածությունը» դեմոկրատական արժեքներին:

Առաջ քաշելով աշխարհագրական դիրքի հանգամանքը՝ վրացական էլիտան ցանկանում է Եվրոպային ներկայացնել այն որպես տարածաշրջանային գործիք՝ կապված Արևելք-Արմուտքի, Մետաքսի ճանապարհի խաչմերուկներում գտնվելու հանգամանքով: Աշխարհագրական դիրքը, բաց ծովային համակարգը, էներգետիկ ռեսուրսների տեղափոխումն աշխարհագրական տեղակայվածության առումով Վրաստանին տալիս է առավելություն: Դրանով իսկ պայմանավորվում է հաջորդ՝ երկրորդ դրդապատճառը. վրացական էլիտան միջազգային անվտանգությանը կապելով իրեն՝ փորձում է իր իսկ ազգային անվտանգության և սահմանների անձեռնամխելիության հարցը լուծել: Լինելով էներգակիր պետությունների ծրագրերի շրջանակներում՝ պետությունը փորձում է Եվրոպային դարձնել իր անվտանգության կրողը՝ օգտելով ԵՄ-ՌԴ հարաբերություններում մշտապես առկա հակադրություններին՝ ազդեցության գոտիների հարցում: Ռուսաստանը Վրաստանի համար դիտարկվում է որպես սպառնալիք, իսկ ԵՄ-ն՝ գործիք Ռուսաստանին զսպելու հարցում: Այն ավելի խորը արտահայտվեց 2008թ. Հնգօրյա պատերազմով, երբ ռուսական զորքերը մտան Ցխինվալ, իսկ այնուհետև ճանաչեցին Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունները: Եվրոպան ստանձնեց միջնորության առաքելությունը և Ֆրանսիայի միջնորդությամբ պատերազմը դադարեց:

2004թ. սկսած՝ Վրաստանը փորձել և մշտապես փորձում է դեմոկրատական արժեքներ ներդնել վրաց հասարակության մեջ: Պետք է փաստել, որ այդ առումով պետությունը գրանցել է հաջողություններ: Մարդու իրավունքների, դեմոկրատական ինստիտուտների, հանրային ծառայողների ոլորտները բարելավելով՝ Վրաստանը միջազգային մի քանի ինդեքսներում իր ռեյտինգային ցուցանիշները բարձրացրել է:

Այնումենայնիվ, ԵՄ-Վրաստան հարաբերությունների զարգացման ֆոնին այսօր ԵՄ-ն չի ցանկանում ոչ միանշանակորեն ընդունել Վրաստանի եվրոպական ինքնությունը և դա պայմանավորված է նրանով, որ Եվրոպան ոչ թե չի ընդունում վրացիների եվրոպական ինքնության համանմանությունները, այլ այն կապելով երկրորդ մակարդակի հետ՝ ունի կաշկանդվածություն, քանզի Եվրոպային ներկայումս պետք չէ ոչ կայուն գործընկեր և դաշնակից, իսկ Հարավային Կովկասն ամենազգայուն և ոչ կայուն տարածաշրջաններից է:

Բացի այդ, ԵՄ ԵԱՌ-ի շրջանակներում Եվրոպայի համար առանցքային նշանակություն ունի պերիֆերիալ ռեգիոնալիզմի գաղափարը, որտեղ կարևոր է ծայրամասային ռեգիոնների կայունությունն ու անվտանգությունը, որն իր հերթին ԵՄ հարևանության ծրագրի շրջանակներում դիտարկում է ոչ թե միայն առանձին պետությունների հետ անվտանգության հարցերի քննարկում, այլ ուշադրությունը կենտրոնացնում է տարծաշրջանային ընդհանուր կայունությանը:

Այսպես՝ ամփոփելով աշխատանքը, կարծում ենք, որ, ելնելով ազգային առանձնահատկություններից, Վրաստանում ինքնության դերը բարձր է արտաքին քաղաքական վարքի ձևավորման գործում՝ պայմանավորված կրոնական և մշակութային գործոններով, որոնք օգտագործվել են քաղաքական էլիտայի կողմից եվրաատլանտյան ինտեգրումը հիմնավորելու համար՝ չնայած ռուս-վրացական ուղղափառ եկեղեցիների ընդհանրություններին: Այդուհանդերձ կառավարող էլիտայի փոփոխությունը կարող է բերել ինքնության նոր ուղենիշներ, որը կարող է հանգեցնել էլիտաների նախընտրությունների և ընկալման տրամագծորեն տարբերվող այլ որակների (օրինակ՝ ռուսական գործոնի դերի բարձրացում):

Վրաստանի համար առաջնային է դիտարկվում եվրոպական ինքնության երկրորդ՝ քաղաքական ռեժիմի և դեմոկրատիայի սպասարկելու մակարդակը, որոնք հանդիսանում են նպաստող միջոցներ Վրաստանում կառավարման արդյունավետ ինստիտուտների ներդրման և զարգացման գործում: Բացի այդ, Եվրոպական ինքնությունը երաշխիք է Վրաստանի անվտանգության հարցում, որտեղ, իր անվտանգությունը կապելով Եվրոպայի հետ, խնդիրը կդիտարկվի որպես միջազգային անվտանգության խնդիր: Այդուհանդերձ, Ազգային և եվրոպական ինքնությունները նույնական չեն, քանզի վերջինիս դեպքում այն սպասարկում է առաջինի շահերը և ծառայում է էլիտայի նախընտրություններին և նպատակներին, ինչը ցույց է տալիս, որ ԵՄ-ն պատրաստ չէ առաջիկայում Վրաստանին ընդունել «եվրոպական ընտանիք»:

ԼԵՆԱ ԶԱՔԱՐՅԱՆ
Քաղաքագետ, ԱՄՆ պետքարտուղարության շրջանավարտ
 
(alumni of the U.S Department of State)
ԵՐԵՎԱՆ

20:55 29.06.2017

Ամենաշատ ընթերցվածները