ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Իրաքի Վարչապետը հորդորել է թուրքական զորքերին հեռանալ երկրից
17:05 19.07.2017

Իրաքի Վարչապետը հորդորել է թուրքական զորքերին հեռանալ երկրից

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է Մոսուլի ճակատամարտի ավարտի մասին և կոչ է արել թուրքական զորքերին հեռանալ երկրից: Այդ մասին հայտնել է քրդական Rudaw հեռուստաալիքը, փոխանցում է PanARMENIAN.Net լրատվական գործակալությունը:

Իրաքի Վարչապետն ավելի վաղ պաշտոնապես հայտարարել էր Մոսուլում «Իսլամական պետության» հանդեպ տարած հաղթանակի մասին: Գրոհայիններն ավելի քան 3 տարի վերահսկում էին Մոսուլը:

Ամերիկացի գեներալ Սթիվեն Թաունսեդն իր հերթին հայտարարել է, որ գրոհայիններից Մոսուլի ամբողջական ազատագրման համար ևս մի քանի շաբաթ կպահանջվի:

«Իրաքի Վարչապետը կոչ է արել թուրքական զորքերին նահանջել և հեռանալ Իրաքից՝ հայտարարելով, որ Մոսուլի ճակատամարտն ավարտված է»,- ասվում է Twitter-ում հրապարակված հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

PanARMENIAN.Net-ը հիշեցնում է, որ Բաղդադի և Անկարայի հարաբերությունները վատթարացան 2015թ. վերջում, երբ Թուրքիան առանց Իրաքի իշխանությունների թույլտվության զորքեր մտցրեց Մոսուլից ոչ հեռու գտնվող Բաշիկա շրջանը՝ ԻՊ դեմ պայքարում իրաքցի աշխարհազորայիններին օգնելու պատրվակով: Բաղդադը բազմիցս է կոչ արել Թուրքիային դուրս բերել զորքերը՝ ներխուժումը համարելով ինքնիշխանության խախտում:

Լուսանկարը՝ Sachtimes.com-ի

17:05 19.07.2017

Ամենաշատ ընթերցվածները