ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ռուսաստանը Ս-400-ների արտադրական տեխնոլոգիաներ չի փոխանցի Թուրքիային
17:45 19.07.2017

Ռուսաստանը Ս-400-ների արտադրական տեխնոլոգիաներ չի փոխանցի Թուրքիային

Հուլիսի 18-ին ռուսաստանյան «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հայտարարել է, որ անհնար է Թուրքիայում Ս-400 ՀՕՊ համակարգերի արտադրություն սկսել: Ըստ նրա՝ դրա համար կպահանջվեն տասնյակ տարիներ: 

Այս մասին փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, որին էլ հղում է կատարում «Ռազմ.Info» մասնագիտացված լրատվակայքը:

Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան և Ռուսաստանը ավարտել են Թուրքիային Ս-400 համակարգեր վաճառելու վերաբերյալ պայմանագրի տեխնիկական հարցերը, մնացել են միայն վարչական հարցերը:

«Տեխնիկական հարցերը մենք լուծել ենք, մնացել են միայն ադմինստրատիվ հարցերը: Որոշումները պետք է ընդունեն Թուրքիայի և Ռուսաստանի կառավարությունները: Ներկայում բանակցություններ են ընթանում ֆինանսների նախարարության հետ, ամենայն հավանականությամբ, այս նախագծի համար Թուրքիան որոշ միջոցներ ինքնուրույն է գտնելու, որոշ միջոցներ էլ կստանա վարկի տեսքով»,— ասել է Չեմեզովը:

Հուլիսի 14-ին ամերիկյան հեղինակավոր «Բլումբերգ» գործակալությունը հայտնել է, որ Թուրքիան համաձայնել է Ռուսաստանին վճարել 2,5 մլրդ դոլար Ս-400 ՀՕՊ համակարգերի 4 դիվիզիոն ստանալու համար: Ըստ գործակալության՝ Թուրքիան Ռուսաստանից Ս-400 համակարգի առաջին 2 դիվիզիոն ստանալու է 2018թ. ընթացքում: Հաջորդ 2-ը արտադրվելու է Թուրքիայի տարածքում:

Ավելի վաղ՝ հուլիսի 5-ին, Թուրքիայի Պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը նույնպես հայտարարել է, որ կողմերը ավարտել են Ս-400 ԶՀՀ-ների վաճառքի համար տեխնիկական աշխատանքները, սակայն շարունակում են քննարկել ֆինանսական հարցերը:

Թուրք պաշտոնյան նաև հայտնել է, որ Ս-400-ի գնումը Թուրքիայի համար անհրաժեշտությունից դրդված քայլ է, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն ցանկացել Թուրքիայի ՀՕՊ համակարգեր վաճառել իրենց ցանկացած պայմաններով:

Հիշեցնենք, որ մի քանի տարի է, ինչ Թուրքիան ցանկանում է միջին և մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր ձեռք բերել: 2013թ. հայտարարված մրցույթում հաղթել էր չինական ընկերություն: Սակայն հետագայում ՆԱՏՕ-ի ճնշմամբ պայամանագիրը չեղարկվեց: ՆԱՏՕ-ի անդամ երկրները հրաժարվել են Թուրքիային ՀՕՊ համակարգեր վաճառել, ինչի պատճառն այն է, որ Թուրքիան պահանջում էր նաև համատեղ արտադրության տեխնոլոգիաներ:

«Ռազմ.info»-ն հիշեցնում է, որ 2016թ. հոկտեմբերից Թուրքիան բանակցում է Ռուսաստանի հետ՝ Ս-400 համակարգեր ստանալու շուրջ: Ընդ որում՝ կողմերը ևս քննարկում էին Ս-400 համատեղ արտադրության տեխնոլոգիաների հարցը:

Լուսանկարը՝ Sscbrack.com-ի

17:45 19.07.2017

Ամենաշատ ընթերցվածները