ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամն առաջին էկոճամբարն է իրականացնում Կապանում
20:05 19.07.2017

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամն առաջին էկոճամբարն է իրականացնում Կապանում

Արդեն 2 օր է՝ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ԱՄՆ-ի Խաղաղության կորպուսի կամավորների հետ միասին Կապանում առաջին անգամ իրականացվում է էկոճամբար: Ծրագիրը կոչվում է GROW with ATP: Էկոճամբարն իրականացվում է «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոն ՀԿ-ում: Ծրագրին մասնակցում են համանուն կենտրոնի 14-16 տարիքային խմբի 33 սան:

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի բնապահպանական կրթության ծրագրի և հասարակայնության հետ կապերի ղեկավար Քրիստինե Հովսեփյանի խոսքով՝ ծրագիրն ունի 2 բաղադրիչ՝ տեսական և գործնական: Ստացված գործնական  գիտելիքի վառ օրինակներ են հանդիսանում պլաստիկ շշերից պատրաստված աթոռները, բարակ փայտերից թռչնաբները, լազերային սկավառակներից և պլաստիկ շշերից ծաղկամանները, հին օգտագործված անիվներից նստարանները: Քրիստինե Հովսեփյանի խոսքով՝ բնապահպանական կրթության ծրագրի հիմնական առաքելությունը և նպատակը երիտասարդ սերնդի մեջ բնության հանդեպ սեր և հոգատարություն սերմանելն է:

16-ամյա Հրաչ Արզումանյանը առաջին անգամ է մասնակցում էկոճամբարին: Ըստ նրա՝ ճամբարի մասնակիցներն իրենց առջև նպատակ են դրել համայնքում ավելացնել բնությամբ զբաղվող կամավորների, ինչպես նաև այն մարդկանց թիվը, ովքեր մտահոգված են բնության պահպանությամբ:

Էկոճամբարի մեկ այլ մասնակից Թինա Հովհաննիսյանը նշում է, որ այստեղ իր առօրյան անցնում է բավականին հագեցած և բազմաբովանդակ: Նրա փոխանցմամբ այստեղ իրենք ձեռք են բերում այնպիսի գիտելիքներ, որոնք ապագայում կարող են կիրառել:

Ընդգծենք, որ էկոճամբարն անցկացվում է «Ծիածան» կենտրոնի՝ անհատույց տրամադրած տարածքում:

Հավելենք, որ էկոճամբարը տևելու է մինչև հուլիսի 21-ը ներառյալ: 

Սոնա Առաքելյան

Zangezur.tv

20:05 19.07.2017