ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ռուսաստանը խախտում է ԵԱՏՄ պայմանագիրը
12:35 20.07.2017

Ռուսաստանը խախտում է ԵԱՏՄ պայմանագիրը

Հունիսի 1-ից ՌԴ-ում արգելվեց աշխատանքի ընդունել օտարերկրացի վարորդներին, ովքեր ռուսական վարորդական իրավունք չունեն բացառությամբ այն երկրների քաղաքացիների, որտեղ ռուսերենը պետական լեզու է: Հայկական կողմը փորձեց կարգավորել խնդիրը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հանդիպման ընթացքում:

Այս հանդիպման ժամանակ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել էր Հայաստանում ռուսերեն լեզվին տալ պաշտոնական կարգավիճակ:

Աշխատուժի ազատ տեղաշարժ

Հիշենք, որ Ռուսաստանը և Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ են, իսկ ցանկացած տնտեսական միություն ենթադրում է աշխատուժի, կապիտալի, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժ: ԵԱՏՄ մասին պայմանագրի 28-րդ հոդվածը նշում է.«Ներքին շուկան ընդգրկում է տնտեսական տարածք, որում սույն Պայմանագրի դրույթների համաձայն` ապահովվում է ապրանքների, անձանց, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժը»:

Փաստացի, սահմանափակելով վարորդական իրավունքի ծագման երկրի հետ կապված հայաստանցիների մեքենա քշելու միջոցով ծառայությունների մատուցման իրավունքը, ՌԴ-ն խախտում է ԵԱՏՄ պայմանագրի 28-րդ հոդվածը: Ավելին՝ պայմանագրի 86-րդ հոդվածի համաձայն՝ «Միությունում իրականացվում է համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականություն»: Սա նշանակում է, որ ցանկացած տրանսպորտային կարևոր որոշում պետք է քննարկվի միության մակարդակով: Ու թեև ԵԱՏՄ պայմանագիրը ներռուսաստանյան օրենսդրությունից գերակա իրավաբանական ուժ ունի, սակայն, ինչպես գլխի եք ընկնում, ՌԴ ճանապարհային ոստիկանությանը դա քիչ է հետաքրքրում:

ԵՄ օրինակը

Աշխատուժի ազատ տեղաշարժը ապահովելու համար Եվրոպական միության 28 երկրներն, օրինակ, ճանաչում են միմյանց վարորդական իրավունքները, ընդ որում՝ կան համամիութենական ստանդարտներ: Ուշագրավ է, որ գերմանական վարորդական վկայականի վրա անգամ անգլերենով գրված չէ «վարորդական վկայական»՝ ամեն ինչ բացառապես գերմաներեն է, սակայն անկախ լեզվից այն կարող է կիրառվել ԵՄ մյուս անդամ երկրներում: Հետևաբար թեև ԵՄ օրինակը ցույց է տալիս, որ կարելի է գտնել համամիութենական ստանդարտներ և քննարկել իրավիճակն ու գտնել բոլորի համար ընդունելի որոշում, ՌԴ-ն կրկին միանձնյա քայլեր է ձեռնարկել՝ խախտելով ԵԱՏՄ պայմանագիրը:

Ավելին՝ ԵԱՏՄ-ի սահմաններում իր պարտավորությունները կատարելու դիմաց ռուսական կողմն առաջարկում է Հայաստանին սահմանադրական փոփոխություններ իրականացնել տրանսպորտի հետ առնչություն չունեցող ոլորտում, այն է՝ ռուսերենին պետական լեզվի կարգավիճակի շնորհման հարցում: Այս իրավիճակը լավագույնն է խոսում ԵԱՏՄ-ի էության և գոյության իրական նպատակների մասին:

Աննա Փամբուխչյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» 

12:35 20.07.2017

Ամենաշատ ընթերցվածները