ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Թուրքիայում պաշտպանության նոր նախարար է նշանակվել
14:55 20.07.2017

Թուրքիայում պաշտպանության նոր նախարար է նշանակվել

Հուլիսի 19-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի նախարարների խորհրդի նոր կազմի մասին: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը, որին էլ հղում է կատարում «Ռազմ.info» մասնագիտացված լրատվակայքը:

Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Ֆիքրի Ըշըքը նոր կառավարությունում զբաղեցնելու է վարչապետի տեղակալի (փոխվարչապետ) պաշտոնը:

Իսկ երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում Ֆիքրի Ըշըքի փոխարեն նշանակվել է մինչև այս փոխվարչապետի պարտականությունները կատարող Նուրեդդին Ջանիքլին:

«Ռազմ.info»-ն հիշեցնում է, որ Ֆիքրի Ըշըքը պաշտպանության նախարարի պաշտոնում էր նշանակվել 2016թ. մայիսին, երբ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հրաժարական էր տվել, ինչից հետո նոր վարչապետ էր նշանակվել Կապի և տրանսպորտի նախկին նախարար Բինալի Յըլդըրըմը:

Նոր կառավարության կազմում արտգործնախարարի պաշտոնը կրկին վստահվել է Մևլյութ Չավուշօղլուին, իսկ Ներքին գործերի նախարարինը` Սուլեյման Սոյլուին:

Նոր պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանիքլին ծնվել է 1960թ. Թուրքիայի Գիրեսուն նահանգում: 1997-2002թթ. եղել է թուրքական իշխանամետ «Յենի Շաֆաք» պարբերականի սյունակագիրներից մեկը: 2002թ. նոյեմբերի 3-ին ստեղծված «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիր անդամներից է:

Տարբեր տարիների ընտրվել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Թուրքիայի Գիրեսուն նահանգից: Թուրքիայի 62-րդ կառավարությունում զբաղեցրել է մաքսային և առևտրի նախարարի պաշտոնը:

2015թ. նոյեմբերի 1-ին ընտրություններից հետո իրականացրել է «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի պարտականությունները: Բինալի Յըլդըրըմի ղեկավարած 65-րդ կառավարությունում էլ նշանակվել է փոխվարչապետ:

Լուսանկարը՝ AlucraHaber.com-ի

14:55 20.07.2017

Ամենաշատ ընթերցվածները