ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՌԴ ԱԳՆ-ն հերքում է՝ ՀՀ և Ադրբեջանի նախագահներին չի առաջարկվել հանդիպել Մոսկվայում
20:15 20.07.2017

ՌԴ ԱԳՆ-ն հերքում է՝ ՀՀ և Ադրբեջանի նախագահներին չի առաջարկվել հանդիպել Մոսկվայում

Հաղորդագրություններն այն մասին, թե ՌԴ-ը իբր առաջարկել է Մոսկվայում կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Արտյոմ Կոժինը, փոխանցում է PanARMENIAN.Net լրատվական գործակալությունը:

Նա ասել է, որ ՌԴ ԱԳՆ-ում ուշադրություն են դարձրել «Մոսկվան կազմակերպում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը» վերնագրով հոդվածին «Իզվեստիա» թերթում:

«Հարկ է նշել հրապարակման մեջ առկա անճշտությունները, որտեղ ՌԴ ԱԳՆ վրա հղումով ասվում է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցություններում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, որոնք իբր կայացել են Մաուերբախում ԵԱՀԿ ԱԳՆ ոչ պաշտոնական հանդիպումների շրջանակում, առաջարկվել է այդպիսի հանդիպում կազմակերպել Մոսկվայում»,- գրում է ՏԱՍՍ-ը:

«Դա չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Կոժինը:

«Ոչ բոլոր վերոնշյալ նախարարներն են այդ ժամանակ եղել Ավստրիայում: ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն այդ օրը հանդիպում էին Բրյուսելում: Հանդիպումը կազմակերպվել էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եռյակի կողմից: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր, այդ թվում նաև եռյակի միջնորդական դերն ու նրա առաջարկը՝ մինչև տարեվերջ կազմակերպել հերթական հայ-ադրբեջանական գագաթաժողովը, որի անցկացման վայրն առարկայորեն չի քննարկվել»:

PanARMENIAN.Net-ը հիշեցնում է, որ հուլիսի 11-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի նախաձեռնությամբ, որին ներկա էր նաև ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Եռանախագահներն արտգործնախարարներին խնդրել էին նախագահներին փոխանցել իրենց առաջարկն այս տարվա ընթացքում գագաթաժողովի կազմակերպման վերաբերյալ։

Լուսանկարը՝ Novostimpr.com-ի

20:15 20.07.2017