ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՀՀ քաղաքացու որդին՝ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան. Ադրբեջանում հիստերիա է բարձրացել
11:55 21.07.2017

ՀՀ քաղաքացու որդին՝ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան. Ադրբեջանում հիստերիա է բարձրացել

«Փաստ» թերթը գրում է.«Երկու օր առաջ Սպիտակ տունը Ջոն Հանթսման կրտսերի թեկնածությունն է առաջադրել ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար: Ներկա դեսպան Ջոն Թեֆտն աշնան սկզբին հրաժեշտ է տալու իր պաշտոնին, որy զբաղեցնում է 2014 թվականից: ՌԴ ԱԳՆ-ն արդեն հավանություն է տվել Հանթսման կրտսերի թեկնածությանը:

«Մենք հավանություն ենք տվել՝ հրաշալի իմանալով պարոն Հանթսմանի կենսագրությունը, հասկանալով, որ նա մեծ պրոֆեսիոնալ է, մարդ, ով ունի հաստատուն համոզմունքներ և շատ փորձառու է»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Հանթսմանի առաջադրումը հիստերիայի ալիք է բարձրացրել Բաքվում: Խնդիրն այն է, որ նրա հորը՝ Ջոն Հանթսման ավագին, ժամանակին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո մեր երկրին ցուցաբերած մեծ աջակցության համար: Երկրաշարժից հետո Հանթսման ավագը խորհրդային իշխանություններին ֆինանսական օգնություն էր առաջարկել, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո արդեն անկախ Հայաստանին միջոցներ էր տրամադրել Գյումրին ու Սպիտակը վերականգնելու համար:

Նա բազմիցս եղել է Հայաստանում (Ադրբեջանում հաշվել են՝ ավելի քան 40 անգամ): Հայաստանում բարեգործական գործունեություն իրականացնելու համար նրան շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, նաև «Մեսրոպ Մաշտոց» շքանշան:

Հընթացս նշենք, որ 80-ամյա Հանսթման ավագն իր 1,1 մլրդ դոլար կարողությամբ ներառված է Forbes–ի՝ աշխարհի մեծահարուստների ցուցակում: Յուտա նահանգում մորմոնների եկեղեցու հիմնադիրների ուղիղ շառավիղն է: 1982թ. հիմնել է Huntsman Chemical ընկերությունը, որը ներառում է ավելի քան 34 քիմիական ընկերություն:

Ու ահա Բաքվում խիստ մտահոգվել են՝ ՀՀ քաղաքացու որդին լինելու է ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանը: «Զարմանալի վիճակ է ստեղծվել Մոսկվայում հայկական լոբբիի համար հայտնվում է հզորագույն դաշնակից՝ ի դեմս Միացյալ Նահանգների դեսպանի»,- գրում է ադրբեջանական մամուլը:

Իսկ վերջին շրջանում Ռուսաստանում հայկական լոբբին դարձել է Ադրբեջանի գիշերային մղձավանջը: Աջ ու ձախ հոդվածներ ու վերլուծականներ են տպագրվում այն մասին, թե ինչպես է ռուսահայությունը քար նետում ռուս–ադրբեջանական բոստանն ու խաթարում նրանց ռազմավարական գործընկերությունը:

Լուսանկարը՝ Vogue.com-ի

11:55 21.07.2017

Ամենաշատ ընթերցվածները