ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՀՀ ԱԺ Նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
17:15 21.07.2017

ՀՀ ԱԺ Նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ ԱԺ Նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 21-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

ՀՀ ԱԺ Փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարևորել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը, միջխորհրդարանական կապերի խորացումը և տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդումը: Ազգային ժողովի Փոխնախագահը խորհրդարանական դիվանագիտության ներուժի լիարժեք իրացման հարցում բարձր է գնահատել բարեկամական խմբերի դերը և ընդգծել երկու երկրների խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունը, փոխայցերի ակտիվացումը:

Արփինե Հովհաննիսյանն արժևորել է Միացյալ Նահանգների շարունակական ջանքերը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը և բարեփոխումների իրականացմանը:

Ռիչարդ Միլսը շնորհավորել է Արփինե Հովհաննիսյանին ՀՀ ԱԺ Փոխնախագահի պաշտոնում ընտրվելու և Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը ղեկավարելու կապակցությամբ: Դեսպանը բարձր է գնահատել Արփինե Հովհաննիսյանի անձնական ներդրումն ու ջանքերը երկկողմ հարաբերությունների առավել խորացման հարցում և համոզմունք է հայտնել, որ համագործակցությունն օրենսդիր մարմնում կլինի նույնքան արդյունավետ, որքան գործադիրում է եղել:

«Մեր պետությունների բարեկամությունն ու գործընկերությունը տևական է, ամուր ու բազմաշերտ: Մենք ակնկալում ենք շարունակել մեր գործակցությունը խորհրդարանական բարեկամության խմբի հետ Ձեր հմուտ ղեկավարությամբ: Միասին մենք կամրապնդենք ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև խորհրդարանական կապերը և կձևավորենք համագործակցության նոր հնարավորություններ»,- նշել է Ռիչարդ Միլսը:

Զրուցակիցները քննարկել են նաև երկու երկրների բարեկամական խմբերի առաջիկա համագործակցությանը և համատեղ օրակարգերի ձևավորմանը վերաբերող հարցեր:

ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջ

17:15 21.07.2017

Ամենաշատ ընթերցվածները