ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Պաշտոնանկություններ Վրաստանում ադրբեջանցի լրագրողի առևանգման կապակցությամբ
17:35 21.07.2017

Պաշտոնանկություններ Վրաստանում ադրբեջանցի լրագրողի առևանգման կապակցությամբ

Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի գործով Վրաստանում պաշտոնանկություններ են տեղի ունեցել: Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ երկրի ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլին լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Թբիլիսիում անհետացած, ապա ադրբեջանցի իրավապահներին փոխանցված Մուխթարլիի գործով պայմանավորված՝ պաշտոններից ազատվել են Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության պետը և Պետական անվտանգության ծառայության հակահետախուզության ղեկավարը։

Մգեբրիշվիլին ընդգծել է, որ պաշտոնանկությունների նպատակը «գործի հետ կապված բոլոր հարցերը վերացնելն է»:

«Մենք՝ գերատեսչության ղեկավարներս, համոզված ենք, որ մեր աշխատակիցներն անմեղ են, սակայն քննությունն իրավունք չունի բացառել որևէ վարկած»,- հայտարարել է վրացի պաշտոնյան:

Ռադիոկայանը հիշեցնում է՝ 2015 թվականից Վրաստանում ապաստանած Մուխթարլին, ով հայտնի է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի հասցեին քննադատական, ինչպես նաև իշխող ընտանիքին պատկանող բիզնեսների մասին հետաքննական հոդվածներով, Թբիլիսիում առևանգվել է մայիսի 29-ին:

Ավելի ուշ պարզվեց, որ նա ձերբակալվել է և գտնվում է Բաքվի բանտում սահմանը ապօրինի խախտելու, մաքսանենգության, ոստիկանին չենթարկվելու մեղադրանքներով: Լրագրողի հարազատներն ու պաշտպանական կողմը տեղի ունեցածում մեղադրում են պաշտոնական Թբիլիսիին:

Լուսանկարը՝ Asbarez.com-ի

17:35 21.07.2017

Ամենաշատ ընթերցվածները