ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանի «Կարապետի գյոլը» վերանորոգման կարիք ունի
20:05 21.07.2017

Կապանի «Կարապետի գյոլը» վերանորոգման կարիք ունի

Շուրջ 30 տարի է, ինչ Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրի հանգստյան գոտու լողավազանը ամռան շոգ օրերին կապանցիների, հատկապես երեխաների սիրելի վայրերից մեկն է, որտեղ նրանք կարող են լողալ, նավակ քշել և իրենց օրն ավելի հետաքրքիր դարձնել:

2.1 մետր խորությամբ լողավազանը լցվում է Վաչագան գետի ջրով: Երբեմն-երբեմն թարմացվում է, աղտահանվում քլորով:

Այս տարի լողավազանը սկսել է գործել հուլիսի 4-ից: Գարեգին Նժդեհ հուշահամալիրի հարակից տարածքում գտնվող հանգստյան գոտու լողավազանի պատասխանատու Նապոլեոն Մեսրոպյանի խոսքով` նախորդ տարիների համեմատ այս տարի բնակչության հոսքը զանազան պատճառներով նվազել է. շատերը քաղաքում չեն կամ պարզապես այլ նախասիրություններ ունեն: 

Դեռևս 2015 թվականին Կապանի համայնքապետարանի ֆինանսավորմամբ լողավազանում նորոգման և բարեկարգման աշխատանքներ էին կատարվել՝ պատերին առաջացած ճաքերն էին վերացվել, սանհանգույցն էր վերանորոգվել, փոխվել էին տարածքի լուսամփոփները, ինչպես նաև տեղադրվել էին աղբամաններ:

Չնայած այս ամենին՝ պատասխանատուն նշեց, որ լողավազանը ունի կապիտալ վերանորոգման կարիք. հատակը գտնվում է բավականին անբարեկարգ վիճակում: Տարածքում հնամաշ նավակներից բացի այս տարի ավելացել է ջրային գնդակ, որը հնարավորություն է տալիս լողավազան այցելողների հանգիստը դարձնել ավելի գունեղ: Պատասխանատուի խոսքով՝ շատ են մտահաղացումները, սակայն ֆինանսական պայմանները թույլ չեն տալիս դրանք իրագործել:  

Կապանի փոքրիկ բնակիչ Վրեժ Առաքելյանը պատմեց, որ ամռան այս շոգ օրերին իր ընկերների հետ միասին գալիս են լողավազան՝ հանգստանալու: Սակայն նա նշում է, որ լողավազանում ցանկանում է որոշակի փոփոխություններ տեսնել:

Նապոլեոն Մեսրոպյանն իր խոսքում ընդգծեց նաև, որ ինչքան էլ հետևողական են տարածքի նկատմամբ, այնուամենայնիվ, անզեն աչքով նկատելի են դատարկ շշեր, սննդի մնացորդներ, պլաստիկ և ապակյա տարաներ և այդ ամենն, ըստ Մեսրոպյանի, խոսում է միայն քաղաքացիների անփույթ վերաբերմունքի մասին:

Նշենք, որ լողավազանի և հարակից տարածքի մաքրման աշխատանքներն իրականացվում է Կապանի կոմունալ ծառայության աշխատակիցների կողմից:

Ավելացնենք, որ նմանատիպ լողավազանը մարզկենտրոնում միակն է: 

Սոնա Առաքելյան

Zangezur.tv

20:05 21.07.2017

Ամենաշատ ընթերցվածները