ԱՎԵԼԻՆ

Բլոգ

Իրաքյան Քուրդիստանում կայանալիք հանրաքվեն կարող է պայթեցնել ողջ Մերձավոր Արևելքը
19:55 21.07.2017

Իրաքյան Քուրդիստանում կայանալիք հանրաքվեն կարող է պայթեցնել ողջ Մերձավոր Արևելքը

Իրաքյան Քուրդիստանի ղեկավարությունը հայտարարել է անկախության հանրաքվե կազմակերպելու մասին, ինչը կարող է լրջագույն սպառնալիքի վերածվել բազմաթիվ խաղացողների համար

Քաղաքավարի ապահարզան

2017 թվականի սեպտեմբերի 25՝ տարեթիվ, որ, ամենայն հավանականությամբ, վերջակետ կդնի, ըստ քրդերի, իրենց ժողովրդի հետ կապված բազմադարյա անարդարությանը: Այդ տարեթիվն ընտրվել է իրաքյան Քուրդիստանի ղեկավարության կողմից, որպեսզի անկախության հանրաքվեի արդյունքներով ձևավորվի քրդական անկախ պետություն:

«Այդ հանրաքվեն հանդիսանում է մեր ժողովրդի արդար իրավունքն է, որից հետո կցանկանայինք հանրաքվեի արդյունքները խաղաղ կերպով քննարկել Բաղդադի հետ»,- նշում է Իրաքի Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին: Իսկ թե ինչպիսին կլինեն սպասվող հանրաքվեի արդյունքները, քչերն են տատանվում. հազիվ թե քվեարկողների 80%-ից էլ պակասը «կողմ» քվեարկի:

Իրաքի պաշտոնական կառավարությունը կտրականապես դեմ է արտահայտվում հանրաքվեին: «Ոչ մի կուսակցություն չի կարող ինքնուրույն որոշել Իրաքի ճակատագիրը»,- հայտարարել է իրաքյան կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սաադ ալ-Հադիդը: Այդուհանդերձ, բավական տարօրինակ է պաշտոնական Բաղդադի նման կեցվածքը: Չէ՞ որ ընդամենը 15 տարի առաջ որոշվեց Իրաքի ճակատագիրը: Ամերիկյան ներխուժումն Իրաք փաստացի քանդեց այն բոլոր հանգույցները, որոնք երկիրը միասնական էին պահում: Ավելին՝ Իրաքն անզոր դարձավ կենտրոնախույս ուժերը ճնշելու գործում: Բացի այդ, Քուրդիստանն արդեն իսկ դե ֆակտո անկախ է և այն էլ տարիներ շարունակ: Վերջիվերջո քրդերը խոսում են Բաղդադի հետ կապերը չխզելու հավակնության մասին: Օրինակ՝ Էրբիլը, որ Իրաքի Քուրդիստանի մայրաքաղաքն է, պատրաստվում է շարունակել Բաղդադի հետ ահաբեկչության դեմ պայքարը: Էրբիլը մտադիր է «անել հնարավորը», որպեսզի երկրի գործող վարչապետ Հայդեր ալ-Աբադիի ղեկավարումը «լինի արդյունավետ»:

Գողացան ուրիշինը

Բանն այն է, որ հանրաքվեով Հայդեր ալ-Աբադին «կգերեզմանվի»: Քուրդիստանի դե ֆակտո անկախության վերածումը դե յուրեի կարող է ունենալ շղթայական ռեակցիա ամբողջ Իրաքի մասնատման գործընթացում և թույլ չի տա երկիրն անգամ դաշնային կառավարման մոդելով պահպանել: Ավելին՝ Իրաքը լքող քրդերն իրենց հետ կտանեն ոչ միայն Քուրդիստանի տարածքները, այլև Փեշմերգայի՝ քրդական ապստամբ խմբավորման վերահսկած և «Իսլամական պետություն»-ից գրաված տարածքները, օրինակ՝ նավթով հարուստ Քիրքուքը, որն ըստ Էրբիլի՝ նույնպես պետք է համալրի Քուրդիստանի տարածքը, և եզդիներով բնակեցված Սինջարը:

Սա առաջին հանրաքվեն չէ, որ կազմակերպում են քրդերը: 2005թ. իրաքյան Քուրդիստանում անցկացվել էր քուրդ ժողովրդի կամարտահայտման նմանատիպ հանրաքվե, որի ժամանակ անկախության օգտին հավաքվել էր ձայների 98%-ը: Սակայն առաջին հերթին, ինչպես իրավացիորեն գտնում է Բարզանին, «այն ժամանակվա հանրաքվեն հայտարարվել և անցկացվել էր հասարակական կազմակերպությունների կողմից, իսկ այժմ կազմակերպվում է քրդական կառավարության և քաղաքական կուսակցությունների նախաձեռնությամբ»: Երկրորդ հերթին նախորդ հանրաքվեն անց էր կացվել առավել նվազ չափի տարածքում՝ ի տարբերություն այն տարածքի չափերի, որոնք այսօր գտնվում են քրդերի ձեռքում: Եվ երրորդ հերթին 2005թ. միջազգային իրավիճակը նպաստավոր չէր: Այսօր կոնյունկտուրան էապես ուրիշ է:

Քարոզարշավներ Մերձավոր Արևելքում

Առաջիկա հանրաքվեի մասին հայտարարությունն իրաքյան Քուրդիստանի հարևանների շրջանում առաջացրել է սուր արձագանք: Հանրաքվեի մասին որոշումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին «խիստ վրդովեցրել է»: Սուլթան-նախագահն այդ որոշումն անվանել է «սխալ քայլ, ինչը սպառնում է ամբողջ Իրաքի տարածքային ամբողջականությանը» և որը «օգուտ չի բերի ոչ ոքի»:

Իրանցիները համաձայն են թուրքերին: «Քուրդիստանը իրաքյան տարածքի անբաժանելի մասն է, և Իրանը սատարում է Իրաքի միասնականությանը»,- հայտարարել է Իրանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին: 

Ե՛վ Թուրքիան, և՛ Իրանը շահագրգռված չեն իրաքյան անկախ Քուրդիստանի ստեղծմամբ, քանի որ սեփական տարածքներում ունեն քրդական անկլավներ: Այդտեղ ամենևին հանգիստ չէ. քուրդ զինյալները պարբերաբար թռիչքներ են իրականացնում Իրաքից դեպի իրանական տարածք, իսկ Թուրքիայի քրդական մարզերում ընթանում է գրեթե քաղաքացիական պատերազմ:

Կգտնվեն բարեկամներ

Իհարկե գոյություն ունի ելք ստեղծված իրավիճակից. Թեհրանն ու Անկարան կարող են հաղթահարել փոխադարձ անվստահությունն ու Բաղդադի և Դամասկոսի հետ միասին կազմակերպել իրաքյան Քուրդիստանի շրջափակում: Մինչդեռ Մասուդ Բարզանին կարող է հեշտությամբ գտնել այլ համախոհներ, որոնք որ իրաքյան քրդերի հետ բարեկամության կարիք կունենան: Օրինակ՝ համագործակցել ամերիկացիների հետ: Ոչ պատահաբար ԱՄՆ Պետդեպարտամենտում որդեգրել են դիվանագիտական դիրքորոշում՝ «մենք արժևորում ենք իրաքյան Քուրդիստանի ժողովրդի արդար ձգտումները», բայց դրանով հանդերձ «պաշտպանում են միասնական, կայուն և ժողովրդավար Իրաքին»:

Մեկ այլ պոտենցիալ «բարեկամ» է Սաուդյան Արաբիան: Սաուդցիները ոչ պաշտոնական մակարդակում արդեն սատարել են հանրաքվեի գաղափարը: Դրանով հանդերձ Ս. Արաբիան կարող է զսպել և՛ Թուրքիային, և՛ Իրանին: Էր-Ռիադի կեցվածքին միացել են սաուդյան դաշնակիցներ ԱՄԷ-ը և Եգիպտոսը: 

Գևորգ Միրզայան,
ՌԴ Կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի Քաղաքագիտության դեպարտամենտի դոցենտ

РИА Новости

Լուսանկարը՝ InstitutKurde.org-ի

19:55 21.07.2017

Ամենաշատ ընթերցվածները